Նորվեգիայի խորհրդարանը եկեղեցին անջատել է պետությունից
Նորվեգիայի խորհրդարանը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին, որոնց համաձայն` մայիսի 21-ից Ավետարանական- լյութերական եկեղեցին կառանձնանա պետությունից:
Այս փոփոխությամբ նորվեգական կառավարությունն այլևս չի զբաղվի եպիսկոպոսների ու ավագ քահանաների նշանակմամբ, իսկ ավետարանական լյութերականությունը կկորցնի պետական կրոնի կարգավիճակը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը: Սակայն Նորվեգիայի եկեղեցին չի զրկվի որոշ արտոնություններից, մասնավորապես` հոգևորականները կպահպանեն պետական ծառայողի կարգավիճակը, իսկ եկեղեցական շինությունների պահպանության, վերականգնման պատասխանատվությունը, ինչպես նախկինում, կկրի պետությունը:
Եկեղեցին պետությունից առանձնացնելու խոսակցությունները քաղաքական շրջանակներում սկսվել են դեռ 1840-ականներից, սակայն հարցի շուրջ համաձայնության հասնել խմբակցություններին հաջողվեց միայն 2008թ.-ին:









