Արգենտինայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի արտգործնախարարին

15:01 • 17.05.12

Այսօր՝ մայիսի 17-ին, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերային (Diego Ernesto Alvarez Rivera)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

 

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի և Արգենտինայի ժողովուրդներին միավորում են երկարամյա բարեկամական և գործընկերային հարաբերություններ, որոնք լավ հիմք են հանդիսանում երկկողմ հարաբերությունների առավել զարգացման համար: Հայաստանի արտգործնախարարը հաջողություններ է մաղթել դեսպանին իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ իր գործունեությամբ նա նոր լիցք կհաղորդի բոլոր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնմանը:

 

Դեսպանը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար՝ ընդգծելով, որ Արգենտինան շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ, և վստահեցրել, որ կանի առավելագույնը երկկողմ փոխգործընկերության առավել ամրապնդման համար:

 

Զրուցակիցները քննարկել են բարձրաստիճան այցելությունների կազմակերպմանը, տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիներին, իրավա-պայմանագրային դաշտի ամրապնդմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության, տնտեսական փոխգործակցության եւ մշակութային կապերի ակտիվացմանն առնչվող հարցեր:

 

Հանդիպմանն ընդգծվել է արգենտինահայ համայնքի կարեւոր դերակատարությունն ու ներդրումը երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման գործում:

 

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Ռիվերան մտքեր փոխանակել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք խնդիրների շուրջ: