Կկազմակերպվի «Սփյուռք» ամառային դպրոց
ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի հենքի վրա 2012թ. կազմակերպում է «Սփյուռք» ամառային դպրոց:
Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ ամառային դպրոցն ուղղված է Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու արմատավորմանը, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը, Սփյուռքի ԶԼՄ-երի գործունեությանը, ինչպես նաև համայնքների ինքնակազմակերպմանն աջակցության, ուսուցիչների վերապատրաստմանը։
«Սփյուռք» դպրոցում գործելու են դասընթացներ հինգ ուղղություններով.
1. Հայոց լեզվի արագացված դասընթաց,
2.Ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վարպետության դասընթացներ,
3. Կրթօջախների տնօրենների, կազմակերպիչների և ուսուցիչների, վերապատրաստում,
4. Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց,
5. Սփյուռքի լրագրողների դասընթաց:
Դասընթացների մասնակիցների համար կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ, այցելություններ Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր, հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի գործիչների հետ:
Դասընթացներն անցկացվելու են հայերենով, իսկ ճանապարհածախսը հոգում են մասնակիցները:
Խմբերի դասընթացների կազմակերպման, մասնակիցների համար մշակութային միջոցառումների, շրջայցերի, մասամբ` նաև սննդի ծախսերը հոգում է ՀՀ սփյուռքի նախարարությունը:
Մասնակիցներից կարիք ունեցողները կապահովվեն գիշերակացով` ՀՀ սփյուռքի նախարարության հաշվին:
«Սփյուռք» ամառային դպրոցի մասին տեղեկատվությունը, դասընթացների մասնակցության հայտերը զետեղված են ՀՀ սփյուռքի նախարարության կայքէջում` www.mindiaspora.am և «Հայերն այսօր»` www.hayernaysor.am էլեկտրոնային թերթում:









