Արցախի փողոցից բերման են ենթարկվել, այսպես կոչված, «բենզին անողներ»
Մայիսի 16 –ին, ժամը 20. 30 –ին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն Արցախի փողոցի թիվ 8/4 շենքին կից ավտոտնակից ապօրինի թմրամիջոցներ պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1971թ. ծնված Գագիկ Ա-ին և 1965թ. ծնված Սերգեյ Խ-ին, այս մասին Tert.am –ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշված ավտոտնակի զննությամբ հայտնաբերվել են մեկ հատ 250 գրամանոց պլաստմասե տարա՝ լցված դեղին գույնի բենզինանման հեղուկով, մեկ հատ մեկ լիտրանոց պլաստմասե տարա՝ լցված սպիտակ հեղուկանման զանգվածով, հինգ հատ 0.5 միլիգրամանոց դատարկ մեկանգամյա օգտագործման օգտագործված և երկու հատ 20 միլիգրամանոց դատարկ մեկանգամյա օգտագործման օգտագործված ներարկիչ:
Զննության ընթացքում ներկա գտնվող Գագիկ Ա-ն հայտարարել է, որ նշված տարաներում առկա դեղին գույնի նյութը բենզին է, իսկ նրանցից մեկում առկա սպիտակ գույնի նստվածքը հանդիսանում է կաֆետին դեղամիջոցի և սոդայի խառնուրդների մնացորդներ:
Նշված բենզինից և խառնուրդից Գագիկ Ա-ն պատրաստել է թմրամիջոց և ներարկման եղանակով օգտագործել:
Թմրանյութի այս տեսակ օգտագործելիս մարդու մոտ անմիջապես առաջանում է սուր կախվածություն, առաջանում է ոսկորների փտախտ: Այս հիվանդությունը անբուժելի է և տևում է լավագույն դեպքում վեց ամսից մեկ տարի:
Գործի առիթով կատարվում է հետաքննություն:









