Տեղի ունեցան բնապահպանական ռիսկերի գնահատման մեթոդոլոգիայի առաջին լսումները

18:27 • 17.05.12

ՀՀ կառավարության կողմից հաստատված Հայաստանում տեսչական բարեփոխումների հայեցակարգի շնորհիվ փորձ է արվում հստակեցնել, թե որոնք են հանրապետության ամենառիսկային ձեռնարկությունները և, ըստ այդմ, էլ սահմանափակել ոչ այդքան ռիսկային համարվող ձեռնարկություններում անհիմն ստուգումները:


Կոնկրետ բնապահպանական ռիսկերի գնահատման մեթոդոլոգիայի առաջին հասարակական լսումներն այսօր րհուս կենտրոնում անցկացրեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության մասնագետները:


Լսումներին մասնակցելու հրավեր էր ուղարկվել նաև ՀՀ խոշոր ախտոտիչներ համարվող ձեռնարկություններին, որոնց սակայն հիմնականում չէր հետաքրքրել թեման: Ռիսկի հաշվարկի ներկայացմանը ներկա էին ավելի շատ բնապահպան փորձագետները:


«Ըստ գնահատման մեթոդաբանության՝ բարձր ռիսկայնությունը տեսչության մասնագետները կգնահատեն տարին մեկ անգամ, միջինը երեք տարին մեկ անգամ և ցածրը՝ հինգ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության տեսչական բարեփոխումների քարտուղարության փորձագետ Վարդան Դաբաղյանը:


Ըստ նրա, մեթոդաբանությունը կազմվել է ներդրվելով որոշակի չափանիշներ: «Հենց այդ չափանիշների հիման վրա էլ գնահատվելու է ռիսկայնությունը: Մեթոդաբանության մեջ մտնելու է ստուգումների արդյունքում ստացված տվյալները, ինչպես նաև ապագայում, թե ինչպես կկատարվի ստուգումները, դրանցից ելնելով կրկին ռիսկը կգնահատվի»,-ասաց նա:
Ըստ նրա, քննարկման նպատակն է ստանալ մասնավոր հատվածի առաջարկություններն ու դիտողությունները, ինչի արդյունքում մեթոդաբանությունը կվերախմբագրվի՝ դառնալով առավել պրակտիկ և արդյունավետ:


Իսկ քանի որ մասնավոր բիզնես հատվածը ներկա չէր, ապա մեթոդաբանության նկատմամբ դիտողությունները չուշացան բնապահպան փորձագետների կողմից:


Ջրաբան փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ ընդհանուր մեթոդաբանությունը անհասկանալի է: «Տարբեր կատեգորիաներ գնահատվում են նույն ձևով: Ինչ է նշանակում. ես վերցնում եմ աղբյուրի ջուր, և նաև վերցնում եմ գետի ջուր և դա նույն բալով եմ գնահատում և անկախ նրանից ինչքան՝ 1-5 լիտր, թե 1-10 լիտր, նույն բալն է»,- ասաց նա և նշեց, որ դա սխալ է:


Փորձագետի հաջորդ դիտարկումը վերաբերում էր կոռուպցիոն ռիսկերին: «Ըստ իս այստեղ կոռուպցիոն մեծ ռիսկեր կան. լրացնում է համապատասխան թերթիկը ինտերնետով ուղարկում է, ստուգողը գալիս է և ասում իմ ժամանակն է ստուգելու: Ասում է «գիտե՞ս, դու սխալ ես հաշվել, գրել ես 100, բայց քո մոտ պետք է 150 լինի: Լավ գրպանդ դնեմ ինչքան պետք է գրի և գնա», նա էլ կասի թե «քիչ ես դրել՝ 200 կգրեմ»»,-բացատրում է բնապահպան փորձագետը:


Ապա շարունակում է, թե ստուգողը ոչ թե պետք է նախարարությունից լինի, այլ անկախ մասնագետ: «Ստուգողը պետք է լինի անկախ և այնքան մաքուր հոգի, այնքան բանիմաց լինի, որ հասկանա, որ այստեղ ոչ մի խարդախություն չկա»,- շարունակեց նա:
Մեթոդաբանության առարկությունների շարքը, ըստ նրա, բազմաթիվ է, ինչպես օրինակ նա նկատում է, որ հնարավոր է, մեկը 100 գրամ ցիանական կալիում արտանետի գետ, որն այնքան շատ աղտոտվածություն է, որ այլևս նշանակություն չունի այնտեղ մեկ լիտր է, թե 5 լիտր:


«Ո՞նց կարելի է բալային համակարգը մշակել, հաշվի չառնելով որակական հատկանիշները։ Դա ոչ միայն ջրերին է վերաբերում, ուղղակի ես ջրի մասնագետ եմ ,շատ լավ եմ պատկերացնում»,- ասաց նա և ավելացրեց, որ գնահատման մեթոդաբանության մեջ նաև բացակայում է վնասի չափը, թե օրինակ ինչքան ձուկ սատկեց, ինչքան մարդ չի կարող լողալ և այլն:


Բոլոր դեպքերում, Քնարիկ Հովհաննիսյանն առանձնացրեց նախարարության մասնագետների դրական տրամադրվածությունը: «Կարծես թե իրենք ըմբռնմամբ են մոտենում, մեզ մնում է իրենց զգուշացնել։ Սա առաջին լսումն է, վերջինը չէ, հիմա էկոլոգիական հասարակությունը շատ աշխուժացել է և շատ ակտիվ է։ Չենք թողնի, էլի լսումներ կանենք, գուցե մենք ենք սխալ հասկացել»,- ասաց ջրաբան փորձագետը: