Էդուարդ Շարմազանովը շնորհավորել է 15-ամյա քանոնահար Նարեկ Կազազյանին
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 17-ին հանդիպել է Վիեննայի միջազգային հեռուստատեսային երաժշտական 16-րդ մրցույթում` «Դասական Եվրատեսիլ-2012»-ում, 3-րդ մրցանակային տեղը գրաված 15-ամյա քանոնահար Նարեկ Կազազյանին և նրա մայրիկին: Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն։
Էդուարդ Շարմազանովը շնորհավորել է Նարեկին մրցանակային պատվավոր երրորդ տեղը գրավելու, ինչպես նաև հանդիսատեսի և ունկնդրի մեծ համակրանքը շահելու համար: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ` ակնհայտ է, որ պատանի քանոնահարի հաջողությունները պայմանավորված են նրա երաժշտական ձիրքով, նվիրումով ու հետևողական աշխատանքով, բայց, անշուշտ, Նարեկի երաժշտական հասունացման գործում մեծ դեր են խաղացել նաև միջավայրը, ծնողներն ու ուսուցիչը, որոնք ուղղորդել ու ոգևորել են նրան:
Էդուարդ Շարմազանովը հավաստիացրել է, որ Հայոց պետությունը հոգածությամբ է վերաբերվում ու միշտ ուշադրության կենտրոնում պահում Նարեկի ու նրա նման օժտված երիտասարդներին, քանզի նրանք հասարակության հպարտությունն են, ու նրանցից յուրաքանչյուրի հաղթանակը նաև Հայաստանի հաղթանակն է, իսկ հզոր մշակույթը` մեր երկրի ամրության ու հարատևության գրավականը:
Նարեկ Կազազյանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար` նշելով, որ կրկնակի ուրախալի է, երբ նման գնահատանքի և ուշադրության է արժանանում նաև իր երկրում: ԱԺ փոխնախագահը ոգևորել է Նարեկին, աջակցելու ու սատարելու պատրաստակամություն հայտնեց` նորանոր հաջողություններ մաղթելով նրան:










