Քարդաշյանը Forbes-ի ամենաազդեցիկ աստղերի վարկանիշում զբաղեցրել է 7-րդ տեղը

01:07 • 17.05.12

Ամերիկյան հայտնի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը գլխավորել է «Ֆորբս» ամսագրի ամենաազդեցիկ աստղերի ցանկը: «Ֆորբսում» առանձնակի ուշադրության է արժանացել 42-ամյա Լոպեսի շեշտակի հաջողությունը, նա նախորդ տարվա վարկանիշի համեմատ 50 տողով կարողացել է բարելավել իր դիրքը:


Բացի ֆինանսական ցուցանիշներից (իսկ դրանք նույնպես վատ վիճակում չեն, երգչուհին մոտ 52 մլն ԱՄՆ դոլար է աշխատել մեկ տարվա ընթացքում)՝ ամսագրի փորձագետները աննախադեպ են համարում նրա հանդեպ մեդիաոլորտում նկատված ուշադրությունը: Բացի այդ, երգչուհին «Թվիտերի» համակարգում 6,6 մլն երկրպագու ունի, իսկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում` 12 մլն:


Այսօր հրապարակված վարկանիշում երկրորդ տեղն է զբաղեցրել հանրահայտ ամերիկյան դերասանուհի և «Օփրա Ուինֆրիի շոու» թոք-շոույի հաղորդավար Օփրա Գեյլ Ուինֆրին (Oprah Gail Winfrey): Եռյակը փակում է միլիոնավոր պատանիների սիրելի` 18-ամյա կանադացի երգիչ Ջաստին Բիբերը:


Չորրորդ տեղում երգչուհի Ռիհաննան է, հինգերորդը` Լեդի Գագան, ով նախորդ տարի վարկանիշի առաջատարն էր: «Ֆորբսի» տվյալներով նրա եկամուտը 90 մլն դոլարից կրճատվել և դարձել է 52 մլն ԱՄՆ դոլար:


Բրիթնի Սփիրսը հայտնվել է 6-րդ տեղում:
 

Իսկ 7-րդ պատվավոր տեղը զբաղեցրել է ամերիկյան հայազգի ֆոտոմոդել, դերասանուհի և գործարար Քիմ Քարդաշյանը:
 

Տարվա ընթացքում տեղի ունեցած բուռն իրադարձությունների արդյունքում նա 63 ամսագրերի գլխավոր դեմքն է դարձել:
Քարդաշյանների ընտանիքը ռիալիթի շոուին մասնակցության համար 30 մլն դոլար է վաստակել: Քիմը միայն իր անունով թողարկվող օծանելիքի վաճառքից 6 մլն է վաստակել, իսկ ընդամենը մեկ տարում 18 մլն դոլար եկամուտ է ստացել:


Քարդաշյանին հաջորդում է երգչուհի Քեթի Փերին` 8-րդ տեղ, դերասան Թոմ Կրուզը 9-րդ տեղ և ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը տասներորդ տեղում է:


Աստղերի ազդեցիկության վարկանիշը հաշվարկվում է՝ ելնելով ԶԼՄ-ներում նրանց մասին եղած հրապարակումների քանակից, ամսագրերի կազմերին հայտնվելուց և այլ նմամատիպ հաջողություններից, ինչպես նաև տարվա ընթացքում վաստակած գումարի չափից: