Երևանում նշեցին համբարձման տոնը (տեսանյութ, լուսանկարներ)
Այսօր Համբարձման տոնն է, որը ոչ միայն քրիստոնեության տաղավար տոներից է, այլ նաև ժողովրդական ծիսակարգ: Չարենցի արձանի հարակից տարածքում Կենտրոն Վարչական շրջանի աշխատակազմը կազմակերպել էր տոնախմբություն, որին մասնակցում էին մանկապարտեզի սաներ:
Նրանք երգում ու պարում էին ժողովրդական երգեր ու պարեր, որոնք հատկապես կապված են տոնի հետ: Մանկապարտեզներից յուրաքանչյուրը պատրաստել էր տոնի համար անհրաժեշտ հարսիկ–տիկնիկ, որոնցով մանկապարտեզները փոխանակվեցին՝ ընկերանալու համար:
Տոնախմբության կազմակերպիչներից «Տոնացույց» ՍՊԸ-ի տնօրեն Հասմիկ Բաղրամյանը Tert.am-ի հետ զրույցում կարևորեց այն, որ տոնախմբությանը հատկապես մասնակցում են փոքրիկ երեխաները:
«Սա մեր ժողովրդի ամենասիրված ու կարևոր տոներից մեկն է, որը ամենալավն է պահպանվել: Երեխաների մասնակցությունը տոնին ամենաազգանվեր գործն է, այսպիսով` երեխաները ավելի հայեցի են դաստիարակվում, բուն արմատից՝ մանկապարտեզից, դաստիարակվում են որպես հայ»,-ասաց նա:
Տոնին մասնակցեցին նաև ազգագրագետներ, որոնցից Լիլիթ Սիմոնյանը Tert.am-ի հետ զրույցում առավել մանրամասն պատմեց տոնի խորհրդի ու ժողովրդական ծիսակատարության մասին:
«Համբարձման տոնը ունի հազարամյակների խորհուրդ, բայց մեզանում կապվում է Քրիստոնեության խորհրդի հետ: Հարության տոնից 40 օր հետո Հիսուս Քրիստոսը համբարձվում է երկինք: Այս տոնը ամառնամուտի շրջանն է ցույց տալիս: Ընդունված է ասել, որ Համբարձման տոնին երկինքն ու երկիրը միանում են իրար: Նման բան կա նաև Քրիստոնեական առասպելաբանության մեջ, երբ Հիսուսը համբարձվում է երկինք, երկինքն ու երկիրը հանդիպում են իրար: Այդ օրը սարերն են հանդիպում իրար, ծաղիկներն են իրար հետ խոսում, երկնքում աստղերն են միմյանց հանդիպում: Եվ եթե դու բարձրանաս տանիք ու տեսնես այդ պահը, ուրեմն քո բոլոր երազանքները կկատարվեն: Այս օրը ակտիվանում են նաև չար հոգիները՝ հատկապես «ջադու պառավները» այդ օրը աշխատում են հարևաններից կաթ գողանալ՝ հարևանի «ղսմաթը» գողանալու համար»,-ասաց նա:
Ազգագրագետը նաև տեղեկագրեց, որ Համբարձման տոնը նաև կոչվում է Կաթնապուրի տոն: Այս օրը մարդիկ իրենց տուն հաջողություն բերելու համար պետք է կաթ բաժանեն կամ կաթնապուր պատրաստեն:
Նա նաև նշեց, որ ժողովրդական տոնակատարությունը տևում է երկու օր: Առաջին օրը երիտասարդ աղջիկները գնում են սարեր, ծաղիկներ են հավաքում և լցնում ջրի մեջ, դնում աստղերի տակ, պատրաստում հարսիկ–տիկնիկ: «Երիտասարդ աղջիկները պուլիկի մեջ լցնում էին իրենց իրերից որևէ բան, և մի փոքր աղջիկ հերթով հանում է այդ իրերը, և քառյակներ են երգում ու գուշակություն կատարում այդ իրի տիրոջ համար»,- ասաց նա և ավելացրեց, որ տոնակատարությանը մասնակցող բոլոր աղջիկները հավատում էին գուշակությանը և տխրում, եթե որևէ վատ բան էր բաժին հասնում:










