Ներքաղաքական գունապնակում որոշակի պարզություն կմտնի այսօր երեկոյան. մինչ այդ կայացել է Սարգսյան–Ծառուկյան հանդիպումը

17:02 • 17.05.12

Այսօր երեկոյան ժամը 20.00–ին Հայաստանի իշխող՝ «Հանրապետական» կուսակցությունը կգումարի կուսակցության Գործադիր մարմնի նիստ, որի շուրջը մեծ հետաքրքրություն ու սպասումներ կան։ ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստը խորհրդարանական ընտրություններից հետո առաջին նիստն է։


«Օրակարգում ընտրությունների արդյունքների ամփոփումն է ու նաև հետընտրական զարգացումները»,– Tert.am–ին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան մեր հարցի, թե ինչպիսի օրակարգով է գումարվելու ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստը։ Մեր հարցին, թե արդյո՞ք այսօրվա նիստում կհայտարարվի կոալիցիայի, կառավարության և այլ պաշտոնների որոշումների մասին, Շարմազանովն արձագանքեց. «Հետընտրական զարգացումների մեջ ամեն ինչ է մտնում»։ ՀՀԿ խոսնակը նշեց, որ նիստում քննարկված հարցերը կուսակցությունը կներկայացնի։


Նշենք, որ ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստի շուրջը սպասումները շատ են այն պատճառով, որ ենթադրվում է, թե այն պետք է հանգուցալուծի խորհրդարանական ընտրություններից հետո ներքաղաքական դաշտում ստեղծված անորոշ իրավիճակը։ Սպասվում է, որ նիստը կտա այս օրերին ամենաշատը քննարկված հարցերի պատասխանը՝ արդյո՞ք իշխող և խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ–ում հսկիչ փաթեթը վերցրած ՀՀԿ–ն կոալիցիա կկազմի հատկապես երկրի երկրորդ քաղաքական ուժի՝ ԲՀԿ–ի հետ, ո՞վ կլինի վարչապետը, հետևաբար նաև՝ ինչպիսի՞ն կլինի կառավարության կազմը, ո՞վ կլինի ԱԺ նախագահը։ Արդեն իսկ մամուլում լուրեր են եղել, որ կոալիցիոն հուշագրին, ամենայն հավանականությամբ, կփոխարինի համաձայնագիրը, ինչի շուրջ երեկ երեկոյան հանդիպել ու պայմանավորվել են Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը։


Ի դեպ, Սարգսյանի և Ծառուկյանի հանդիպման մասին լուրը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հաստատել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում՝ հավելելով, որ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն կուսակցության Գործադիր մարմնի այսօրվա նիստում։ Ինքներս չկարողացանք զրուցել Գալուստ Սահակյանի հետ, որը, հավանաբար, ընտրողաբար է պատասխանում լրատվամիջոցներին, քանի որ նրա հետ երկար ժամանակ կապ հաստատել չհաջողվեց։