ՀՀԿ գործադիր մարմնի նիստն ավարտվեց. կոալիցիայի հարց չի քննարկվել, Հովիկ Աբրահամյանն էլ ներկա չէր (տեսանյութեր)
22.19
Էդուարդ Շարմազանովը նաև տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ոչ միայն ԲՀԿ ղեկավարության, այլ նաև խորհրդարան անցած այլ քաղաքական ուժերի հետ։ Tert.am–ի հարցին, թե արդյո՞ք այդ քաղաքական ուժերի մեջ մտնում է նաև Հայ ազգային կոնգրեսը, Շարմազանովը բացասական պատասխան տվեց։ Tert.am–ի հաջորդ հարցին, թե արդյոք այդ ուժերի մեջ մտնում է ՀՅԴ–ն, Շարմազանովն ասաց, որ այդ հարցին այլևս չի պատասխանի։ ՀՀԿ մամուլի խոսնակը լրագրողներին նաև ասաց, որ ՀՀԿ Գործադիր մարմնի հաջորդ նիստը կկայանա մայիս 24-ին։
22.03
Քիչ առաջ ՀՀԿ Կենտրոնական գրասենյակում ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստ։ Նիստի ավարտից հետո նախ լրագրողների հարցերին պատասխանեց կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով ասաց որ բոլոր հարցերին սպառիչ պատասխան կտա ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։ «Հենց որ լինի, մենք միանգամից հայտարերլու ենք։ Հարցնեք էլ, չհարցնեք էլ, մենք հայտարարելու ենք»,– պատասխանելով լրագրողներին՝ ասաց Սերժ Սարգսյանը և հեռացավ։
Էդուարդ Շարմազանովն էլ իր հերթին տեղեկացրեց, որ կոալիցիայի հարց չի քննարկվել և որևէ կադրային նշանակման հարց չի քննարկվել։ Շարմազանովը նաև հայտնեց, որ նիստին ներկա չեն եղել ՀՀԿ նախընտրական շտաբի պետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, ինչպես նաև ԱԺ ֆինանսատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։
20.57
ՀՀԿ ԳՄ նիստի մեկնարկից մոտ մեկ ժամ ուշացումով ՀՀԿ կենտրոնական գրասենյակ ժամանեց նաև ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը։
Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում մեկնարկել է Գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ նախատեսվում է, որ կքննարկվի համամասնական ցանկով Ազգային ժողով անցնող պատգամավորների հարցը, ինչպես նաև կառավարության ձևավորման և իշխանական կոալիցիա կազմելու հետ կապված հարցեր։
Ինչպես ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտից հայտնում է Tert.am–ի թղթակիցը, քիչ առաջ այստեղ ժամանեց կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ում գրասենյակի մուտքի մոտ դիմավորեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Սերժ Սարգսյանը, ով բարձր տրամադրություն ուներ, զարմանք հայտնեց, որ այդքան շատ լրագրող կա հավաքված, ապա, արձագանքելով լրագրողների՝ հարցերին պատասխանելու խնդրանքին, ասել է. «Հիմա հարցեր եք տալիս, որ ի՞նչ։ Լավ էլ գրում եք, լավ էլ մեկնաբանում եք»։
Ավելի վաղ այստեղ ժամանած Տիգրան Սարգսյանը հրաժարվեց պատասխանել, թե օրակարգում ինչ հարցեր են ներառված՝ պատասխանելով որ ոչինչ չի կարող ասել։









