Մեկ օր էլ սպասեք, կլինի քաղաքական որոշում և կիմանաք ամեն ինչ. Հրայր Թովմասյան (տեսանյութ)
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը դեռ տեղյակ չէ, կշարունակի պաշտոնավարել թե ոչ, վերջինս միայն հորդորեց լրագրողներին սպասել մեկ օր, և քաղաքական որոշումից հետո պարզ կլինի ամեն ինչ:
«Մեկ օր սպասեք, կլինեն քաղաքական որոշումներ, և այդ ամենի մասին դուք բոլորդ կիմանաք»,-ասաց Հրայր Թովմասյանը:
Հարցին, թե վերջինս ցանկանո՞ւմ է շարունակել աշխատել գործադիրում, և ղեկավարել ՀՀ արդարադատության նախարարությունը, Հրայր Թովմասյանն ասաց. «Իմ ցանկությունը շատ քիչ է, կարող է փողոցում 2000 մարդ ցանկանա պաշտոն զբաղեցնել, որոշողն ու կատարողը այս պարագայում ՀՀ նախագահն ու ՀՀ վարչապետն են»,-նշեց Հրայր Թովմասյանը՝ նաև ներկայացնելով ՀՀ սահմանադրությամբ նախատեսված՝ կառավարություն ձևավորելու կարգը:
«Առաջին նիստի օրը ողջ կառավարությունը, ՀՀ վարչապետն ու բոլոր նախարարները վայր են դնում իրենց լիազորությունները, սակայն շարունակում են պաշտոնավարել: Դրանից տաս օր անց, մինչև հունիս 10-ը, ՀՀ նախագահը խորհրդակցելով ՀՀ ԱԺ խմբակցությունների հետ նշանակում է վարչապետ՝ քաղաքական մեծամասնության աջակցությունը վայելող անձին: Դրանից հետո 20 օրյա ժամկետում ՀՀ վարչապետի առաջարկությամբ ՀՀ նախագահը նշանակում է կառավարության կազմը»,- ասաց ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:









