Երևանցիները չեն սիրում այցելել թանգարան. Զավեն Սարգսյան

15:55 • 17.05.12

Սերգեյ Փարաջանովի արվեստի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը եկել է այն եզրահանգման, որ Երևան քաղաքի բնակիչները չեն սիրում այցելել թանգարաններ:

«Երևանցիները չեն սիրում գնալ թանգարան կամ կյանքում մի անգամ են այցելում մի թանգարանը»,– այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա՝ ավելացնելով, որ մեկ անգամով հնարավոր չէ թանգարանը դիտել և հասկանալ։

Զավեն Սարգսյանը նաև ասաց, որ ամենամյա «Թանգարանային գիշեր» միջազգային օրը նպաստում է մարդկանց այցելությունների ավելացմանը:

 

Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանն իր հերթին նկատեց, որ մարդիկ այդ օրվանից հետո իմացել են, թե որտեղ է գտնվում իրենց թանգարանը:

Սակայն Զավեն Սարգսյանը նշեց նաև, որ նախորդ տարի տրված կտրոնների պատճառով մարդիկ սպորտային վազքի էին վերածել թանգարաների այցելությունը:

 

Հիշեցնենք, որ անցյալ տարի յուրաքանչյուր թանգարան այցելելիս կնքվում էին կտրոնները: Մրցանակ էր ստանում այն այցելուն, ում կտրոնում ամենաշատ կնիքներ էին դրվում: Սարգսյանը նշեց, որ այդ «վազքի» արդյունքում Սերգեյ Փարաջանովի արվեստի թանգարան մեկ օրվա ընթացքում այցելել է 4000 մարդ:

«Անցյալ տարի 4000 հազար մարդ է այցելել, որը աննորմալ թիվ է: Պետք չէ սպորտի վերածել»,- նշեց նա:

Նունե Ավետիսյանը տեղեկացրեց, որ Ժամանակակից արվեստի թանգարան տարեկան այցելությունների թիվը 10-12 հազար է, իսկ թանգարանի մուտքի տոմսի արժեքը՝ 500 դրամ:

 

Թեև Փարաջանովի արվեստի թանգարանի տոմսի արժեքն ավելի բարձր է` 700 դրամ, սակայն այս թանգարանը տարեկան ավելի շատ այցելուներ է ունենում: Ինչպես ասաց տնօրենը` 12-16 հազար:

Այս տարի, Զավեն Սարգսյանի խոսքով, Թանգարանային գիշերների օրը թանգարանը նախատեսել է Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք տարվա շրջանակներում կազմակերպել Փարաջանովի բանտում ստացված նամակների հրատարակության ցուցադրությունը, որոնք նա ստացել է անվանի մարդկանցից:

 

Իսկ Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը նշեց, որ թանգարանային գիշերը թանգարանը երկու ցուցահանդես է ներկայացնելու՝ Հենրիկ Իգիթյանի գրական ժառանգության ցուցադրություն Երևանը գրքի մայրաքաղաքի հռչակելու շրջանակներում:

«Մյուսը Ջինո, այսինքն` Հարություն Ջինանյանի «Ներքին ժամանակ» անունը կրող ցուցահանդեսն է, որտեղ ներկայացված են լինելու

 


3 տեսակ գործեր` գեղանկար, ֆոտո և ժամացույցներ»,- ասաց Նունե Ավետիսյանը։

Բացի այդ, թանգարանում այդ օրը կլինեն նաև բնապահպանների և
Հայ–Սլավոնական համալսարանի դասախոսների հետ հանդիպումեր: Իսկ երեկոյան, ինչպես և անցյալ տարի, թանգարանում կհնչի ջազ։

 

Զավեն Սարգսյանն ու Նունե Ավետիսյանը նաև հիշեցրեցին, որ մայիսի 18-ին` Թանգարանների միջազգային օրը 11:00-18:00, իսկ մայիսի 19-ին` Թանգարանային գիշերների օրը 18:00-ից մինչ ուշ գիշեր թանգարանների մուտքն անվճար է լինելու: