«Թանգարանային գիշեր» նախաձեռնությանը կմասնակցի 63 թանգարան
«Թանգարանային գիշեր» ակցիան այս տարի կանցկացվի մայիսի 19-ին և ակցիան կմասնակցի 63 թանգարան, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղական Արև Սամուելյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանն այս ակցիային միանում է արդեն 8-րդ անգամ:
«Այս տարի «Թանգարանային գիշեր» ակցիան եվրոպական միությունը հայտարարել է «Թանգարանը փոփոխվող աշխարհում» խորագրի ներքո: Բայց, քանի որ այս տարի մենք նշում ենք գրատպության 500-ամյակը, մենք որոշեցինք ակցիան անցկացնել՝ «Գիրը փոփոխվող աշխարհում» կարգախոսով»,– ասաց նա։
«Նշենք, որ այս տարի ծրագրին միացել է 63 թանգարան, անցած տարվա 60-ի համեմատ»,- ասաց Արև Սամուելյանը և ավելացրեց, որ միջազգային այս իրադարձությանը Հայաստանում միացել են նաև հիմնադրամների թանգարաններ և մարզերում մի քանի թանգարաններ:
Այս տարի նախաձեռնությանը առաջին անգամ միացել է նաև Զորավար Անդրանիկի թանգարանը։
Արև Սամուելյանը նշեց, որ այս տարի ևս թանգարաններ այցելողներին սպասվում են անակնկալներ, իսկ կտարբերվեն նախորդ տարվա անակնկալներից:
Ակցիայի օրը նախագծի մասնակից թանգարանները հանդես կգան հատուկ տոնական միջոցառումներով և կներկայացնեն իրենց բացառիկ արժեքները:
Մայիսի 19-ին բոլոր թանգարանները իրենց աշխատանքը կսկսեն երեկոյան ժամը 18:00-ից մինչև կեսգիշեր և կլինեն անվճար: Իսկ մինչ այդ բոլոր թանգարանները բաց կլինեն նաև մայիսի 18-ին՝ թանգարանների միջազգային օրը, և կգործեն անվճար:
Հիշեցնենք, որ «Թանգարանային գիշեր» ակցիան սկիզբ է առել 1999թ Ֆրանսիայի մշակույթի նախարարության առաջարկով՝ ֆրանսիական թանգարանում գարնանային որևէ կիրակի հասարակության համար անվճար՝ «բաց դռների» օր հայտարարելով ու անվանակոչելով «Թանգարանային գարուն»:
Նախաձեռնությունը արժանանում է Եվրոպական մշակութային կոնվենցիային անդամակցող 39 երկրների ուշադրությանն ու Եվրոպայի խորհրդի աջակցությանը: 2001թ-ին այն վերանվանվում է «Թանգարանային գիշեր»-ի և ընդլայնում ակցիայի միացողների թիվը:
Հայաստանը նախաձեռնությանը միացել է 2005թ-ից:










