Նաիրա Զոհրաբյանը չի մեկնաբանում իր՝ ԱԺ փոխնախագահ դառնալու մասին լուրը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԲՀԿ նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը հրաժարվեց մեկնաբանել տեղեկությունը, որ առաջիկայում հնարավոր է ստանա Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը:
Հիշեցնենք, որ «Երկիր» օրաթերթն այսօր գրել է, որ Զոհրաբյանն արդեն այդ հարցը քննարկել է Գագիկ Ծառուկյանի հետ և ստացել կուսակցության առաջնորդի համաձայնությունը:
Դեռ պաշտոնապես ո՛չ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ո՛չ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չեն հայտարարել կոալիցիա կազմելու մասին, ինչը նշանակում է, որ ԲՀԿ-ն այս պահին ընդդիմություն է, և հետևաբար, չի կարող ստանձնել օրենսդիր մարմնում ղեկավար պաշտոններ:
Կոալիցիայի ստեղծման հեռանկարի մասին երեկ ֆեյսբուքյան իր էջում կրկին գրառումով հանդես է եկել ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարը՝ Վարդան Օսկանյանը նշելով.«Այս օրերին, հավանաբար, ակնկալում եք, որ ես ինչ-որ բան պետք է ասեմ բոլորին ամենաշատ հուզող հարցի ` ընտրություններին հաջորդող քաղաքական զարգացումների մասին: Ես կարող եմ վերահաստատել այդ հարցում իմ սկզբունքային դիրքորոշումը, որը բոլորին հայտնի է: Խնդրում եմ մի քանի օր էլ սպասել»:
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա, հիշեցնենք, որ համաձայն երկու տարի առաջ ընդունված «Ընդդիմության մասին» օրենքի, խորհրդարանական ընդդիմությանը պետք է հատկացվեն ԱԺ մշտական հանձնաժողովների մեկական տեղեր: Ինչը նշանակում է, որ «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի, «Ժառանգություն», «Օրինաց երկիր» կուսակցությունների (եթե կոալիցիա չկազմի`որպես ընդդիմություն – Tert.am ) և Հայ հեղափոխական դաշնակցության խորհրդարանական խմբակցությունների մեկական ներկայացուցիչ պետք է ստանան ԱԺ մշտական հանձնաժողովներից մեկի նախագահի պաշտոնը։
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն վերջին երեք գումարման հանձնաժողովներում պահպանել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում նախագահի իր տեղը՝ կարևորելով հատկապես այս հանձնաժողովը:
Մեր տեղեկություններով՝ այս անգամ ևս ՀՅԴ–ից Արմեն Ռուստամյանն է գլխավորելու այս հանձնաժողովը:
Ո՛չ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից, ո՛չ ՀՅԴ ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանից այս նախնական տեղեկությունը պաշտոնապես հաստատել չհաջողվեց, քանի որ վերջիններս չպատասխանեցին մեր հեռախոսազանգին:










