ՆԱՏՕ-ի երկրների դեսպանատները թունավոր նամակներ են ստացել

04:34 • 17.05.12

Չորեքշաբթի ՆԱՏՕ-ի մի քանի երկրների դեսպանատները ստացել են կասկածելի փոշիով նամակներ: Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հյուսիսատլանտյան դաշինքը հրավիրել է Պակիստանին մասնակցելու Չիկագոյում կայանալիք գագաթաժողովին, որը տեղի է ունենալու մայիսի 20-21-ը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ-նովոստին»՝ վկայակոչելով Agence France-Presse-ին:
 

Նամակներում կոտրատված անգլերենով ասվում է, որ նրանցում պարունակվող «թույնը» լցվելու է Աֆղանստան ուղևորվող ՆԱՏՕ-ի ավտոշարասյան վրա, եթե Իսլամաբադն իր տարածքով կրկին ճանապարհ բացի նրանց համար:
 

Գործակալության տվյալներով՝ նամակներ են ստացել Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեսպանատները:
 

Մասնագետները ուսումնասիրել են կասկածելի փոշու բաղադրությունը, սակայն փորձաքննության արդյունքները դեռևս անհայտ են: