Ալեքսանյանը Փաշինյանին հրավիրում է իր ռեստորան՝ նշելու «ազատ, արդար, թափանցիկ» ընտրությունների ավարտը

19:12 • 17.05.12

Թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի հաղթած թեկնածու, 4-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր և գործարար Սամվել Ալեքսանյանը նույն ընտրատարածքում ընտրության արդյունքներով պարտություն կրած «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանին հրավիրել է իրեն պատկանող «Փարվանա» ռեստորան՝ մասնակցելու «ազատ, արդար, թափանցիկ և, միջազգային դիտորդների գնահատմամբ, մրցակցային ընտրությունների ավարտին նվիրված միջոցառմանը»։ Փաշինյանին ուղված նամակում մասնավորապես ասված է.

 

«Հարգելի պարոն Փաշինյան,
Պատիվ ունեմ շնորհավորելու Ձեզ համամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու կապակցությամբ և որպես պառլամենտական գործընկեր` հրավիրում եմ Ձեզ ներկա լինել թիվ 7 ընտրատարածքում կայացած ազատ, արդար, թափանցիկ և, միջազգային դիտորդների գնահատմամբ, մրցակցային ընտրությունների ավարտին նվիրված միջոցառմանը: Համոզված եմ, որ ընտրությունների նման ընթացքը հնարավոր եղավ ապահովել նաև ընդդիմադիր ուժերի ակտիվ գործունեության և ազնիվ մրցակցության շնորհիվ: Այս առումով անգնահատելի է նաև Ձեր գործունեությունը՝ որպես ԱԺ պատգամավորի թեկնածու թիվ 7 ընտրատարածքում: Կարծում եմ, որ Ձեր մասնակցությունը վերոհիշյալ միջոցառմանը մի կողմից կնպաստի Ձեր և թիվ 7 ընտրատարածքի ընտրողների միջև հետագա մերձեցմանը, մյուս կողմից լավ հիմք կհանդիսանա հայոց խորհրդարանում մեր հետագա արդյունավետ համագործակցության համար:


Միջոցառումը տեղի կունենա ս.թ. մայիսի 21-ին՝ ժամը 19:00, «Փարվանա» ռեստորանային համալիրում»: