Պուտինի դեմ ցույցերը հանգեցրել են ռուսական բորսաների անկման, ներդրողները «փախչում» են երկրից. Bloomberg

15:21 • 17.05.12

Ռուսական բորսաներում անկումը պայմանավորված է ոչ միայն հունական ճգնաժամով, այլև ռուսական ընդդիմության ցույցերով, որոնք դեմ են Վլադիմիր Պուտինի նախագահության երրորդ ժամկետից: Այս մասին վկայում են Bloomberg գործակալության` վերլուծաբանների շրջանում անցկացված հարցումները:

 

«Չնայած Պուտինը խոստացել է Ռուսաստանի քաղաքական գործընթացն առավել ժողովրդավար դարձնել, սակայն շատ ռուսներ ձգտում են երկրից դուրս հանել իրենց միջոցները, որպեսզի ազատեն իրենց` Պուտինի 12-ամյա կառավարումից: Պուտինը հետագայում նույնպես խնդիրներ կունենա ցուցարարների հետ, իսկ եթե բարեփոխումներ չիրականացնի, ապա նրան դժվար կլինի արդարացնել իր նախագահությունը»,- ասել է նյույորքցի փաստաբան Էդվարդ Մերմելշտեյնը, ով ԱՄՆ-ում ներկայացնում է հարուստ ռուսների շահերը: 

 

Ըստ Bloomberg-ի` Ռուսաստանից կապիտալի արտահոսքը հունվար- ապրիլ ժամանակահատվածում կազմել է 42 մլրդ դոլար, որն իր ծավալներով դարձել է 2-րդը 1994թ.-ից ի վեր:

 


Լարվածությունը, հատկապես, աճում է այն լուրերի ֆոնին, թե ընդդիմադիրներ Ալեքսեյ Նավալնին ու Սերգեյ Ուդալցովը կարող են մինչև 2 տարվա ազատազրկման դատապարտվել: Որոշ վերլուծաբաններ, սակայն, գտնում են, որ ցույցերը թեթևակիորեն են ազդում ռուսական ցուցանիշերի նվազմանը:

 

«Խնդիրը հիմնականում արևմտյան շուկաներից է գալիս: Մենք նվազում ենք` նրանց ետևից: Ցույցերը կարող են միայն աննշան ազդեցություն ունենալ ռուբլու վրա, այլ ոչ շուկայի: Այժմ ներդրողներն ուղղակի արձագանքում են ռիսկերի ավելացմանը` Հունաստանում խնդիրների պատճառով: Իսկ ռուսական շուկան առաջիններից մեկն է սկսում արձագանքել արտաքին փոփոխություններին»,- gazeta.ru-ի հետ զրույցում ասել է «Տրոյկա Դիալոգ» ընկերության հայ վերլուծաբան Հովհաննես Հովհաննիսյանը:


Bloomberg-ի հետ զրույցում Ֆրանկֆուրտի Union Investment Privatfonds-ի վերլուծաբան Սերգեյ Դերգաչևն էլ հայտնել է, որ եթե Հունաստանում նման իրավիճակ չլիներ, ապա ընդդիմադիր Նավալնիի ազատազրկումն գրեթե չէր ազդի ռուսական շուկայի վրա:

 

«Սակայն երբ ամեն ինչ շուրջդ վատանում է, ներդրողները հիշում են առաջին հերթին քաղաքական իրավիճակի մասին»,- ասել է նա:


Bloomberg-ը հիշեցնում է, որ ռուսական ռուբլու փոխարժեքը մայիսի սկզբից դոլարի նկատմամբ նվազել է 5%-ով, իսկ այսօր առավոտյան ռուսական ցուցանիշերը շարունակել են նվազել: