Այս ընտրությունների ժամանակ պարզվեց, որ սոված մարդը մեծ սրիկա է. Գուրգեն Եղիազարյան
Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի մաս կազմող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անդամ Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ պարզվեց, որ «սոված մարդը» պատրաստ է հանուն գումարի իր ձայնը վաճառել:
«Պարզվեց, որ սոված մարդը մեծ սրիկա է: 43 տոկոս սոված ընտրողը տվեց ձայնը ՀՀԿ-ին»,- ասաց նա` ավելացնելով, որ մեկ տոսկոսն էլ հենց ՀՀԿ-ի ձայներն են:
Նա նշեց, որ ընտրակաշառքների վերաբերյալ ունի ապացույցներ և շուտով դրանք կհարապարակի:
«Զանգեց զինվորի մայր և ասաց, որ ինքը գրել է 14 մեքենաների համարանիշներ, որոնցից տրցակներով Թումանյանի դիմանկար էին բաժանում Նոր Հաճնում»,-ասաց նա:
Նա հիշեցրեց, որ բազմիցս ասել է, որ այս ընտրություններն ավելի դաժան ու խայտառակ են լինելու, և իր խոսքով, այդպես էլ եղավ: Գուրգեն Եղիազարյանի կարծիքով, խորհրդարանական ընտրությունների ժամանակ «տոտալ կաշառակերություն էր», իսկ նման բան պատմության մեջ երբեք ոչ մի տեղ չի եղել ու չի լինելու: Եղիազարյանը նաև նշեց, որ այս ընտրություններում, բացի ընտրակաշառքներից, մարդկանց վրա իրենց ազդեցությունը ունեցան նաև խոստումները և ահաբեկումենրը:
«Ասացին, որ խոստացել են, որ մեր գյուղացուն պետք է թողնեն բանտից: Մի երիտասարդ է, որը 8 տարի դատված է կաշառակերության համար: 300 ձայն, ասել են, ապահովեք, դուրս կգա բանտից»,-ասաց Եղիազարյանը` խոստանալով, որ կհայտնի այդ երիտասարդի անունը, եթե նա դուրս գա բանտից:
Եղիազարյանի խոսքով, ահաբեկումների պատճառով իր վստահված անձանցից 35 հոգի հրաժարվել են վստահված անձ լինելուց:
Խոսելով կոալիցիայի լինել կամ չլինելու մասին` ՍԴՀԿ անդամը վստահորեն նշեց, որ այն կազմվելու է, քանի որ չնայած Հայաստանի հանրապետական կուսակցությունը 44 % ձայն է հավաքել, այն ունի կոալիցիայի կարիք` մեկ տոկոս ձայն ունենալու պատճառով:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի ԲՀԿ-ի միջև համագործակցությանը, ապա Եղիազարյանը նշեց, որ նման բան չկա: 27-րդ ընտրատարածքում, որտեղ առաջադրվել էր ՍԴՀԿ անդամը, իր խոսքով, «ԲՀԿ-ն իր դեմ աշխատել է նույն ձևով, ինչ ՀՀԿ-ն»:









