Գագիկ Շամշյանն այցելել է Բեթղեհեմ, ապա ուկնդրել հոգևոր երգչախմբի կատարումը. օր 4-րդ (լուսանկարներ)

23:28 • 17.05.12

Այսօր առավոտյան հայ ուխտավորների խումբն անցել է իսրայելապաղեստինյան սահմանը և Բեթղեհեմ քաղաքում այցելել մանուկ Հիսուսի ծննդյան վայրը:


Ինչպես Բեթղեհեմից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ով նույնպես հայ ուխտավորների խմբում է, Քրիստոսի ծննդյան վայրում մատուցվել է պատարագ, ապա ուխտավորներին տրվել է սուրբ հաղորդություն: Այնուհետև ուխտավորներն այցելել են Համբարձման լեռ և Հովիվների դաշտ, որտեղ հրեշտակները հովիվներին ավետել են Քրիստոսի ծնունդը:
 

Վերադառնալով Երուսաղեմ՝ Արարատյան հայրապետական թեմի «Արարատ» հոգևոր միության երգչախումբը (հոգևոր հովիվ՝ Տեր Հակոբ քահանա Խաչատրյան, խմբավար՝ Լիլիթ Եդիգարյան) համերգային ծրագրով հանդես է եկել սուրբ երկրում՝ Երուսաղեմում, գտնվող Սուրբ Հակոբյանց վանքի «Ժառանգավորաց» վարժարանի դահլիճում:
 

Երգչախումբը կատարել է հոգևոր, ժողովրդական և հայրենասիրական երգեր:
 

Համերգին ներկա էին Տեր Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը, Հայաստանի պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանը, Սուրբ Հակոբյանց միաբանության հոգևոր հայրերը, ճեմարանական սաներ, երուսաղեմաբնակ հայեր, Հայաստանից, Ռիգայից և Պետերբուրգից ժամանած ուխտավորներ, ինչպես նաև ազգությամբ հրեաներ:
 

Սրբազան հոր վկայությամբ, երգչախմբի ելույթը բացառիկ մի իրադարձություն էր, քանզի առաջին անգամ էր, որ Հայաստանից ժամանած մի երգչախումբ ելույթ ունեցավ Երուսաղեմի համայնքում:
 

Համերգի ավարտին բոլոր ներկաները հոտնկայս ու երկար ծափահարություններով արտահայտեցին իրենց շնորհակալությունն ու ոգևորվածությունը:
 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի