Իմ թիկունքին կանգնած է եվրոպական ակադեմիական հանրությունը. Սուրեն Զոլյան

16:04 • 17.05.12

Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի պաշտոնաթող ռեկտոր Սուրեն Զոլյանի թիկունքին կանգնած է եվրոպական ակադեմիական հանրությունը, որոնք, վերջինիս փոխանցմամբ, միշտ բարձր կարծիք են ունեցել Հայաստանի մասին, սակայն վերջին իրադարձություններից հետո զարմանում են տեղի ունեցածի վերաբերյալ և իրենց աջակցությունն են հայտնել նրան: Tert.am –ի հետ զրույցում Զոլյանը վերահաստատեց, որ ինքը չի նահանջելու, և իր իրավունքների վերականգման համար պայքարելու է մինչև վերջ:


«Ես երկու հայցադիմում եմ ներկայացրել, մեկը՝ վարչական դատարան, մյուսը՝ առաջին ատյանի: Իմ ներկայացրած հայցադիմումներից բացի, լեզվաբանական համալսարանի անձնակազմի կողմից ևս մեկ հայցադիմում էլ ներկայացվել է ստուգումներ անցկացնելու նախարարության որոշման վերաբերյալ: Ես հույս ունեմ, որ Հայաստանում կկարողանամ վերականգնել արդարությունը, և ստիպված չեմ լինի դիմելու եվրոպական դատարան»,- ասաց Սուրեն Զոլյանը՝ հավելելով, որ դեռ ոչ մի դատարան իր դիմումները վարույթ չի ընդունել, և իրենք սպասում են, որպեսզի ներկայացրած հայցադիմումներն ընդունվեն վարույթ:


Անդրադառնալով ԵՊԼՀ մասնաշենքի վաճառքի մասին խոսակցություններին, Սուրեն Զոլյանն ասաց, որ ինքը այդ մասին կարդացել է մամուլում, իսկ այն, որ նախարարը հերքում է տարածված լուրերը, Սուրեն Զոլյանը նշեց, որ նման լուրերը պետք է հերքի ՀՀ վարչապետը:


«Շենքի վաճառքի մասին լուրերը ո՛չ թե Արմեն Աշոտյանը պետք է հերքի, այլ պետք է հերքի ՀՀ վարչապետը»,- նշեց Ս. Զոլյանը:


Հարցին, թե ճի՞շտ են արդյոք լուրերն այն մասին, որոնց համաձայն Սուրեն Զոլյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ խոսել է իր ազատման մասին, որի ժամանակ էլ նախագահն ասել է, որ տեղյակ չի եղել խնդրից, վերջինս ասաց. «Ես նման լուրը ո՛չ հաստատում եմ, ո՛չ էլ հերքում, դա եղել է փակ քննարկում, և եթե նման ինֆորմացիա է դուրս եկել, ապա դա էթիկայից դուրս է»,-ասաց Սուրեն Զոլյանը:


Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը 2012 թվականի ապրիլ ամսին նախ նկատողություն տվեց ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանին, ապա օրեր անց տալով երկրորդ նկատողությունը՝ ազատեց զբաղեցրած պաշտոնից: Սուրեն Զոլյանին ժամանակավորապես փոխարինում է ԵՊԼՀ պրոռեկտոր Գայանե Գասպարյանը: