ATR-72 ինքնաթիռը վերադարձել է Մյունխեն՝ սրահի ծխապատման պատճառով. կան տուժածներ

04:39 • 18.05.12

Իտալական Air Dolomiti ավիաընկերության ATR-72 ուղևորատար ինքնաթիռը, որը հինգշաբթի Մյունխենից Վենետիկ չվերթ էր իրականացնում, վերադարձել է մեկնարկի օդանավակայան՝ սրահի ծխապատման պատճառով, հաղորդում է Welt պարբերականը` հղում կատարելով ավիափոխադրողի ներկայացուցիչներին:


Անհապաղ վայրէջքի ժամանակ ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց, որի հետևանքով 5 ուղևոր վնասվածք է ստացել: Նախնական տվյալներով, ինքնաթիռում 58 ուղևոր է եղել և անձնակազմի 4 անդամ:


Տեղում ինքնաթիռը դիմավորել են հրշեջ ստորաբաժանումները, որոնց օգնությամբ ուղևորները լքել են օդանավը: Տուժածներին տեղում բժշկական օգնություն է ցուցաբերվել:


Տեղի ունեցածի պատճառները ճշտվում են:


Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին ռուսական «ՅուՏեյր» ավիաընկերության համանման ATR-72 ինքնաթիռը, որը Տյումեն-Սուրգուտ չվերթն էր իրականացնում` աղետի մատնվեց: Օդանավում եղած 43 մարդուց 33 զոհվեց, ներկայում հիվանդանոցներում են այդ աղետից տուժած 6 ուղևորներ: