Facebook-ի մեկ բաժնետոմսն արժե 38 դոլար
Facebook սոցիալական ցանցի մեկ բաժնետոմսի գինը բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխում (IPO) իրականացնելիս կկազմի 38 ԱՄՆ դոլար, հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ սոցիալական ցանցի IPO-ին բաժնետոմսերի գինը կլինի 34-38 դոլարի սահմանում՝ 1 բաժնետոմսի համար: Նախանշված սահմանի վերին թվով գին որոշելը, գործակալության ներկայացմամբ, վկայում է ներդրողների աննախադեպ հետաքրքրության մասին:
Բաժնետոմսի 38 դոլար գնի պարագայում Facebook-ը բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխում իրականացնելիս 18,4 մլրդ դոլար եկամուտ կստանա և շուկայական գինը կհասնի 100 մլրդ ԱՄՆ դոլարի:
Սպասվում է, որ Facebook-ը 84 մլն բաժնետոմս կավելացնի և առաջնային տեղաբաշխման 421 մլն բաժնետոմս կառաջարկի:
Սոցիալական ցանցը իր հայտարարության մեջ նշել է, որ բաժնետոմսերը ուրբաթ Nasdaq բորսայում վաճառքի կհանվեն:









