Բոսթոնում հայկական ժառանգության զբոսայգի է բացվել (լուսանկարներ)

10:06 • 23.05.12

Մասաչուսեթսի և Հայաստանի պետական այրերը, ինչպես նաև՝ տեղի և հարևան բնակավայրերի հայ համայնքների հարյուրավոր ներկայացուցիչները մասնակցել են Հայկական ժառանգության զբոսայգու բացմանը Բոսթոնում, որը Ռոուզ Ֆիցջերալդ Քենեդու անվան կանաչ գոտու նոր մասն է, հայտնում է «Ասպարեզ»-ը:

 

Զբոսայգին ունի ջրավազան, ներգաղթյալների պատվին կանգնեցված հուշարձան և խոտից ու քարերից կազմված լաբիրինթոս: Լաբիրինթոսի հատվածում հավերժացվել են այն հայ ներգաղթյալների անունները, ովքեր աչքի են ընկել արվեստների, գիտության, կրթության, առևտրի և այլ ոլորտներում:

 

Հայկական ժառանգության զբոսայգին Մասաչուսեթսի ամերիկահայ համայնքի նվերն է նահանգի քաղաքացիներին և Բոսթոն քաղաքին:

 

Զբոսայգու բացման օգտին իրենց ձայնն էին բարձրացրել Մասաչուսեթսի նահանգապետ Դևալ Պատրիկը, Բոսթոնի քաղաքապետ Թոմաս Մ. Մենինոն, կոնգրեսական Էդուարդ Ջեյ Մարքին և Միդլսեքսի շրջանի շերիֆ Փիթեր Ջեյ Քութուջյանը:

 

Հայաստանից միջոցառմանը ներկա են եղել Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը: Նորաբաց այգին օրհնել են ամերիկահայ հոգևորականները:

 

«Սա մեր հայկական համայնքի և մեր նահանգի շփման հպարտ խորհրդանիշն է», - այգու բացման առիթով ասել է Մասաչուսեթսի նահանգապետը:

 

Հայկական ժառանգության հիմնադրամը ստեղծվել է 2005-ին, ներառում է Մասաչուսեթսի ավելի քան 35 հայկական կրոնական, մշակութային, կրթական և մարդասիրական կազմակերպություններ: