Վե՛րջ տվեք վհուկների խրախճանքին. Արմեն Աշոտյանի կոչը՝ ֆեյսբուքահայության «ագրեսիվ» հատվածին

10:34 • 23.05.12

Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով երեկ ՀՀԿ կենտրոնական գրասենյակի երեկ բռնկված հրդեհի վերաբերյալ «Ֆեյսբուք» սոցցանցում զետեղված արձագանքներին, հանդես է եկել կոչով՝ «կանգ առ, ով մարդ, քանի դեռ ուշ չէ…»:


Նախարարը գրում է, թե այնպիսի տպավորություն է ստացել, որ իշխող կուսակցության գրասենյակի տանիքի հրդեհը հրճվանք է պատճառել իրենց քաղաքական ընդդիմախոսներին, ինչի կապակցությամբ տվել է իր «ախտորոշումը». «Մեր հասարակության մի շատ փոքրաթիվ, բայց շատ ագրեսիվ ու անհանդուրժող հատված, որը ակտիվ է նաև ՖԲ-ում, մեղմ ասած, ադեկվատ չէ և մեռուկասեր է»:


Այս վիճակը Արմեն Աշոտյանը համարում է «վհուկների խրախճանք» և հավելում.«Սթափվե՛ք, այլապես ամբողջությամբ կկորցնեք բոլոր մարդկային դիմագծերը, վերածվելով վիրտուալ կիբորգների: Ձեր չարությունն ու ատելությունն առաջին հերթին վնասում է հենց ձեզ»:


Նշենք, որ հակառակ այս կոչին, մի օգտատեր գրում է, որ ՀՀԿ-ի շենքի բռնկումը խորհրդանշական է: «ժողովրդավարության իմիտացիոն շրջանի ավարտը բոցավառ է. սկզբում կրակ թափվեց մեր երեխեքի գլխին, հետո պայթեցրին Ծոմակի (DIY) ակումբը, ու հիմա էլ վառվում է սեփական կտուրը: Ախր, դուք կրակ ու պատիժ եք՝ համ մեր գլխին, համ՝ ձեր»,- գրել է օգտատեր Արմեն Օհանյանը: