Ադրբեջանի պատվիրակությունը Երևանում իրեն կաշկանդված է զգում. նրանք նույնիսկ հրաժարվել են մյուսների հետ ընթրել

17:15 • 23.05.12

Ադրբեջանի 4 հոգուց կազմված պատվիրակությունը, որը Երևանում է՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագորակցության ծրագրի 39-րդ լիագումար նիստին, իրեն չափազանց կաշկանդված է զգում: Լրագորղների հետ զրույցում ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը ասաց, որ նրանք նույնիսկ երեկ երեկոյան հրաժարվել են մյուս երկրների պատվիրակների հետ միասին ընթել:

 

Իսկ ադրբեջանական լրատվամիջոցների հայտարարությունը՝ պատվիրակության անդամների Ծիծեռանակաբերդ գնալու մասին, Նիկոյանն անհեթեթ է համարում, այն որակելով որպես լրագրողների կողմից «մատից հոտ քաշելու միջոցով գրված նյութ»:

«Պատկերացնո՞ւմ եք նրանց վախվորած վիճակը, թե ինչքան զգույշ են, նույնիսկ երեկ ընթրիքի չեն մասնակցել մնացած բոլորի հետ: Առանձնացել են, միասին են ընթրել, որպեսզի նման հնարավոր վատ վիճակներից դուրս գան»,- ասաց նա:

Նիկոյանը վստահ է, որ ի տարբերություն իրենց, ովքեր հանգիստ կարող են նման միջազգային հանդիպումներին Ադրբեջանում ազատ լինել, Ադրբեջանի պատվիրակների ցանկացած քայլ տեղի հասարակության ուշադրության կենտրոնում է, և ըստ նրա, եթե նրանք հայերի հետ ջերմ հարաբերություն դրսևորեն, կամ այցելեն ինչ-որ հասարակական վայրեր, «նրանց տեղի հասարակությունը դաժանաբար կպատժի»:



Չնայած դրան, Նիկոյանը չի թաքցնում, որ ինքը ջերմորեն ողջունել է Ադրբեջանի պատվիրակներից իր վաղեմի ծանոթներից մեկին, ում հետ 7 տարի առաջ հնարավորություն է ունեցել շփվել և մտերմանալ: «Ես ողջունեցի մի ադրբեջանցու, ով ծնունդով Սիսիանի Ուռուտ գյուղից է: Նմանատիպ վեհաժողովներից մեկի ժամանակ ես նրան 7 տարի առաջ ուղեկցել եմ իրենց գյուղը, այն ժամանկ ես պատգամավոր էի, խնդրեցին, որ ուղեկցեմ և սիրով համաձայնվեցի: Այդ ընթացքում էլ տեսա նրա բոլոր ապրումները, և այն մարդկային ջիղը, որ կա նրա մեջ: Կարծում եմ, Հայաստանից որևէ մեկը չի մեղադրի ինձ նրան շատ ջերմ վերաբերվելու համար, ինչը սակայն չեմ կարող ասել նրա հարցում»,- ասաց նա և համոզմունք հայտնեց, որ եթե ինքն էլ գնար Բաքու, նույն ձևով այդ անձնավորությունից ջերմ վերաբերմունք կստանար։ «Չեմ կարող ասել, որ Բաքվում մեզ ջերմորեն կընդունեին, թե ոչ, բայց նույն անձնավորությունն ինձ միանշանակ ջերմ կընդուներ»,– ասաց նա:

 

Նիկոյանը հավատացնում է, որ հայ և ադրբեջանցի պատգամավորները նորմալ հարաբերություններ ունեն և նույնիսկ շատ հարցերում միանման են մտածում: «Միայն Ղարաբաղի խնդիրի լուծման դեպքում տարբեր տեսակետներ ունենք: Եթե խնդիրը կարգավորվի մենք շատ լավ հարևաններ ենք, կահամգործակցենք, առևտուր կանենք և այլն»,-նշեց նա և նկատեց, որ խնդիրը նրանում է, որ եթե Ադրբեջանի հասարակությունը նախկինում ավելի հանդուրժող էր, վերջին տարիներին հակառակ պատկերն է: «Որովհետև, ամեն դեպքում, Ալիևը կարողացավ իրենց հասարակության մեջ հակահայկական ատելություն սերմանել և որից հեռու չեն կարող լինել նաև պատգամավորները, ովքեր եթե որևիցե դրական խոսք հայերի մասին ասեն, նրանց կարող են դիտարկել որպես թշնամի»,– ասաց Նիկոյանը:


Վերջինս նաև չի կարծում, որ ադրբեջանցի պատգամավորները Ղարաբաղյան հարցի վերաբերյալ իրենց տեսակետը հայտնելու համար այս ամբիոնը նույնպես կօգտագործեն: «Յուրաքանչյուր նոր պատվիարկություն, եթե ձևավորվում է, լինում են նման փորձեր, սակայն նման դեպքերում նրանց հասկանում են: Դա ավելորդ է և անարդյունք, այդ իսկ պատճառով ձեռնպահ են մնում այս որոշումից»,- ասաց նա:

 

Ի դեպ, ի տարբերություն Ադրբեջանի, Թուրքիայի պատվիրականերն իրենց ավելի լավ են զգում և մասանկցել են ընթրիքին: Նշենք, որ Սևծովյան տնտեսական համագործակցության հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել աշնանը Բաքվում: