Եվրատեսիլի կեղտոտ գաղտնիքները. BBC (տեսանյութ)

16:20 • 23.05.12

BBC Panorama-ն այսօր երեկոյան և վաղը գիշերը ցուցադրելու է հետաքննող լրագրող Փոլ Քենյոնի «Եվրատեսիլի կեղտոտ գաղտնիքները» ֆիլմը, որը պայթած ռումբի էֆեկտ ունի՝ ընթացքի մեջ գտնվող Բաքվի «Եվրատեսիլի» ֆոնին: Քենյոնը իր ֆիլմը ստեղծել է գրեթե գաղտնի՝ զբոսաշրջիկի անվան տակ, քանի որ, իր խոսքով ասած, «Ադրբեջանը չի ողջունում հետաքննող լրագրողներին»:


Ֆիլմը հասցեագրված է եվրոպացի հեռուստադիտողին (անշուշտ նրան ցնցելու միտումով), քանի որ, ըստ էության դրանում ներկայացված չէ, որևէ բան, որը Ադրբեջանի, Ալիևների կամ եվրոպական երգի մրցությի ազերիական առանձնահատկությունների մասին հայտնի չլինի տարածաշրջանում:

 

Ֆիլմը, սակայն, արժեքավոր է ավելի շատ այն առումով, որ 30 րոպեում ի մի են բերվում բոլոր այն փաստերը, որոնք վարկաբեկում են Ադրբեջանը՝ որպես «Եվրատեսիլ» ընդունելու արժանի երկիր: Ֆիլմում զգալի տեղ ունի Հայաստանի եվրատեսիլյան մասնակիցների՝ Ինգա և Անուշ Արշակյանների ելույթի դեմ Ադրբեջանի թշնամանքի դիտարկումը: Ադրբեջանի կողմից մրցույթի քաղաքականացման համար ռեժիմին մեղադրելիս լրագրողը բերում է Հայաստանի օրինակը: Ըստ լրագրողի՝ այս տարի Հայաստանը չի մասնակցել մրցույթին՝ իր ներկայացուցչի անվտանգության մտավախություններից: Այս համատեքստում լրագրողը զրուցում է նաև 2009-ին Հայաստանի օգտին քվեարկած ադրբեջանցու՝ Ռովշան Նասիրլի հետ, որը պատմում է իր հանդեպ կիրառված ճնշման մասին: Ֆիլմում խոսում են նաև հայտնի լրագրող սեքս-շանտաժի զոհ Հադիջա Իսմայիլովան և այլ ընդդիմադիրներ:


Ոչ պակաս կարևոր է, որ Քենյոնը կարողացել է բոլորին հուզող հարցերը ուղղել նաև Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Ֆախրադդին Գուրբանովին և «Եվրատեսիլի» կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միության ղեկավար Ինգրիդ Դելթենրեին: Հարցազրույցի ժամանակ, վերջինը չի կարողանում հանդես գալ Ադրբեջանի «դատապաշտպանի» դերում, ինչպես արել էր Spiegel-Ին տված հարցազրույցում: Դելթենրեն ընդունում է, «Եվրատեսիլն» ասես «ընտանեկան տոնավաճառ» լինի, որտեղ Ալիևները ինքնագովազդով են զբաղված: Նա խոստովանում է նաև, որ ավելի զարմացել է այն բանից, որ Ալիևների փեսան է երգելու «Եվրատեսիլին»: Դելթենրեն համաձայնում է նաև, որ Ադրբեջանում չեն հարգում խոսքի ազատությունը:

 

Ինքը լրագրողը նշում է, որ Ադրբեջանն աշխարհի ամենակոռումպացված երկրներից է, իսկ Բաքվի` Սպանված զինվորի հիշատակի անմար կրակը նաև երկրի նավթի առատության խորհրդանիշն է: Քենյոնը բարձրացնում է նաև Ադրբեջանի «գլամուրային առաջին տիկնոջ» խորհրդարանական ընտրություններում ձայների 94%-ը ստանալու և նրա 15-ամյա որդու Դուբայի 40 մլն-անոց ունեցվածքի հարցերը, ու արձանագրում, որ Ադրբեջանի «գաղտնի ոստիկանությունը» իրականում այնքան էլ գաղտնի չէ:

 

Ուշագրավ է, որ ֆիլմի մասին Guardian-ի քննախոսականում ասվում է, որ այլևս կարիք չկա նայելու Սաշա Բարոն Քոենի «Բռնապետը» կատակերգությունը, քանի որ կարելի է այս շաբաթ «բեղավոր բռնապետի» դերում է նրան ոչնչով չզիջող Իլհամ Ալիևին տեսնել:

 

Եթե «Եվրատեսիլի» ոգով գնահատելու լինենք մարդու իրավունքները այդ երկրում, եզրակացնում է BBC-ն, ապա պետք է նկատենք՝ «Ադրբեջան՝ 0 բալ»:
 </p>