Սքոթլենդ-Յարդի հակակոռուպցիոն բաժինը կաշառակերության մեջ է կասկածվում
RISC Management դետեկտիվ գործակալությունը Լոնդոնի Սքոթլենդ- Յարդի (ոստիկանության) հակակոռուպցիոն բաժնի աշխատակիցներին մոտ 20 հազ ֆունտ ստերլինգ կաշառք է տվել, գրում է The Guardian-ը: Այս գումարի դիմաց դետեկտիվները ոստիկանությունից տեղեկություններ են իմացել նիգերիական Դելտայի նախկին նահանգապետ Ջեյմս Իբորիի գործի հետաքննության մասին, ով մեղադրվում է խոշոր գումարի լվացման մեջ:
Կաշառակերության այս գործը Սքոթլենդ- Յարդում հետաքննում են 2011-ի հոկտեմբերից, սակայն այս մասին հայտնի է դարձել միայն այժմ: Ոստիկանությունը խոչընդոտել էր լրատվամիջոցներին այս մասին նյութերի հրապարակմանը, սակայն այն բանից հետո, երբ նախօրեին կաշառքի մասին տեղեկությունները ներկայացվեցին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ներքին գործերի հանձնաժողովին, արդեն ամեն ինչ ակնհայտ դարձավ:
260 մլն դոլարի յուրացման մեջ կասկածվող Ջեյմս Իբորիի նկատմամբ հետաքննությունը Լոնդոնի ոստիկանությունը սկսել էր 2007-ին: Իմանալով հետաքննության մասին` Իբորին որոշում է վարձել RISC Management-ի դետեկտիվներին, որպեսզի նրանք իրեն տեղեկություններ հայտնեն: 2009-ին Իբորիի վրայից հանվեցին բոլոր մեղադրանքները, սակայն մեկ տարի անց հետաքննությունը վերսկսվեց:
Նիգերիացի նախկին նահանգապետը ձերբակալվել է 2010թ.-ի մայիսին, Դուբայում, ապա տեղափոխվել Մեծ Բրիտանիա, որտեղ 2012-ի ապրիլին դատապարվել է 13 տարվա ազատազրկման:
RISC Management-ից հերքել են մեղադրանքները` նշելով, որ ոչ մի կաշառք չեն տվել:









