Եգիպտոսում ավարտվեց նախագահական ընտրությունների 1-ին փուլի 1-ին օրը. նկարագիր (տեսանյութ)

23:34 • 23.05.12

Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո առաջին նախագահական ընտրություններն են տեղի ունենում Եգիպտոսում:


Ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել մեկ ժամով երկարաձգել ընտրությունները, որոնք կավարտվեն ժամը 21.00-ին, Երևանի ժամանակով ժամը 23:00-ին, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:


Որոշումը կապված է երեկոյան ժամերին ընտրողների մեծ կուտակումների հետ:


Այսօր և վաղը եգիպտացիք քվեարկում են նախագահական ընտրությունների առաջին փուլում: Վաղ առավոտից մի շարք ընտրատեղամասերի մոտ մեծ հերթեր էին գոյացել:


Ընտրության օրերը աշխատանքային են, սակայն Եգիպտոսի կառավարությունը որոշում է ընդունել յուրաքանչյուր քաղծառայողի մեկ ազատ օր տրամադրել քաղաքացիական պարտքը կատարելու համար:


Երկրում մոտ 50 մլն ընտրող է գրանցված: Ամբողջ երկրում միայն 14 հազար ընտրատեղամաս կա և այդ պատճառով ամբողջ օրվա ընթացքում տեղամասերի դիմաց երկար հերթեր են գոյացել:


«Ընտրությունները լավ են կազմակերպված: Օրինակ, յուրաքանչյուր մարդ կարող էր հեռախոսով հաղորդագրությամբ տեղեկանալ, թե որտեղ պետք է ինքն ընտրություն կատարի: Սակայն հերթը շատ դանդաղ էր առաջ գնում», - պատմել է ընտրողներից մեկը գործակալության թղթակցին:


Ընտրական գործընթացը հեշտացնելու համար փակցված էին ընտրողների ամբողջական ցուցակները հերթական համարներով:


Իշխանությունները հոգացել էին նաև անգրագետ քաղաքացիների մասին, որոնք Եգիպտոսում, տարբեր գնահատականներով, բնակչության ընդհանուր թվի 30-40 տոկոսն են կազմում:


Այսպես բոլոր թեկնածուները խորհրդանիշ էին ստացել, օրինակ՝ ձի, ծառ կամ արև, որոնք նշված էին ինչպես գովազդային պաստառներում, այնպես էլ քվեաթերթիկներում: