Facebook-ի բաժնետերերը Ցուկերբերգի դեմ դատական հայց են ներկայացրել
Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի` Facebook-ի բաժնետերերը ընկերության, նրա հիմնադիր Մարկ Ցուկերբերգի և Morgan Stanley ներդրումային բանկի դեմ հայց են ներկայացրել դատարան` նրանց մեղադրելով իրենց հաճախորդներից համացանցային հսկայի բաժնետոմսերի գնի անկման վերաբերյալ տեղեկությունները թաքցնելու մեջ:
Դատարան ներկայացված հայցում ասվում է, որ պատասխանողները բաժնետերերից թաքցրել են արժեթղթերի գնի կանխատեսելի «կտրուկ արտահայտված նվազումը»:
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից Morgan Stanley բանկ հարցում էր ուղարկվել՝ պարզելու համար, թե բաժնետերերը մայիսի 18-ի բաժնետոմսերի վաճառքների սկզբին իրենց անհրաժեշտ տեղեկություններն արդյո՞ք ունեցել են:
Բանկի ներկայացուցիչները հերքել են մեղադրանքները՝ հայտարարելով, որ բանկը հստակ հետևել է կանոնակարգին:
Facebook-ի բաժնետոմսերի վաճառքի մեկնարկից երեք օր անց մեկնարկային 38 դոլար գնի համեմատ բաժնետոմսերը 18%-ով արժեզրկվել են:
Նախորդ ուրբաթ ընկերությունը գնահատվել էր 104 մլրդ ԱՄՆ դոլար, սակայն ներկա գնի պայմաններում ընկերության արժեքը զգալիորեն նվազել է:









