Ապագայում Facebook-ն ընտրությունների ժամանակ ավելի լուրջ դեր կունենա, քան՝ TV–ն. Լաուրա Բաղդասարյան

18:10 • 23.05.12

Մի քանի տարի անց Հայաստանում Facebook սոցիալական ցանցն ընտրությունների ժամանակ ավելի լուրջ դերակատարություն կունենա, քան հեռուստատեսությունը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ռեգիոն» հասարակական կազմակերպության նախագահ Լաուրա Բաղդասարյանը։


Նա նկատեց, որ նման եզրահանգման է եկել` ուսումնասիրելով նախընտրական շրջանում քաղաքական ուժերի կողմից սոցցանցից օգտվելու հաճախականությունը:


«Մեր դիտարկումների արդյունքները ցույց են տալիս, որ Facebook-ը լիովին մտել է լրատվամիջոցների դաշտ, գրավել է իր տեղը. որոշ առումով հնարավոր է, որ նույնիսկ առաջիկայում, եթե հայաստանցի ֆեյսբուքցիների քանակը անկում չապրի կամ այլ սոցցանց ավելի ակտիվորեն չսկսի օգտագործվել, կարծում եմ, Facebook-ը լուրջ դերակատարություն է ունենալու ընտրական շրջանում»,– ասաց նա:


«Նույնիսկ՝ շնորհիվ ինտերակտիվության, այն ավելի լուրջ դերակատարություն է ունենալու այնպիսի կարևոր լրատվամիջոցի համեմատությամբ, ինչպիսին հեռուստատեսությունն է»,-ընդգծեց Բաղդասարյանը:


Նրա խոսքով, թեև Facebook-ը խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջին անգամ օգտագործվեց քարոզչության նպատակով, բայց այն արդեն մուտք գործեց Հայաստանի քաղաքական և ինֆորմացիոն դաշտ:
Բաղդասարյանը կարծում է, որ սոցցանցն իր դերը կունենա նաև նախագահական ընտրությունների ժամանակ. «Ես կարծում եմ, որ առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ Facebook-ը ակտիվորեն օգտագործվելու է թեկնածուների կողմից՝ համենայնդեպս»,-ասաց նա:


Ըստ Բաղդասարյանի, նման ենթադրության համար արդեն իսկ կան նախադրյալներ. Facebook-ում դեռ գործում են խմբեր, որոնք հատուկ ընտրությունների համար էին ստեղծված:


«Դրանք շարունակելու են իրենց քննարկումները մինչև նախագահական ընտրություններ և կարծում եմ ամեն ինչ դեռ առջևում է»,- եզրափակեց «Ռեգիոն» հ/կ նախագահը: