ԱԺ նախագահի, փոխնախագահի հարցը դեռ որոշված չէ. Գալուստ Սահակյան

17:08 • 23.05.12

Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը չի հաստատում այն տեղեկատվությունը, թե ԱԺ նախագահ կդառնա Հովիկ Աբրահամյանը, իսկ փոխնախագահ՝ ներկայիս ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը և, ի վերջո, ՀՀԿ-ն վերջնականապես որոշե՞լ է, թե ով կստանձնի ԱԺ նախագահի պաշտոնը:


Tert.am-ի հարցին ի պատասխան, որ մամուլում նման հրապարակում կա, Գալուստ Սահակյանն ասաց. «Մամուլը նյութեր չի ունենում և ինչ-որ մի հորինվածք ներկայացնում է: Առայժմ նման բան չկա»:


Նշենք, որ այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթը տեղեկացրել է, որ Սամվել Նիկոյանը, արդեն մի բանի օր է, ամենուր հայտարարում է, որ խորհրդարանից ոչ մի տեղ չի գնալու։


Օրաթերթը նաև տեղեկացնում է՝ «Նիկոյանը ԱԺ նախագահությունում մնալու է՝ ի հակակշիռ Հովիկ Աբրահամյանի … Այս ընթացքում, Հովիկ Աբրահամյանը փորձել է հասնել նրան, որ ԱԺ փոխնախագահ դառնա ոչ թե Նիկոյանը, այլ Գալուստ Սահակյանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն, պնդել է Նիկոյանի թեկնածության վրա»:


Գալուստ Սահակյանը՝ Tert.am-ի հետ զրուցում էր ՀՀԿ գրասենյակում՝ կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանի աշխատասենյակում, քանի որ երեկ, կուսակցության գրասենյակի կտուրի հրդեհը հանգցնելու համար օգտագործված ջրից նրա առանձնասենյակը շարքից դուրս է եկել:


Գալուստ Սահակյանի հետ մեր զրույցի պահին ներկա էր նաև կուսակցության համամասնական ցուցակի 114 -րդ համարը՝ Գագիկ Մելիքյանը, ում, ըստ մամուլի հրապարակումների, հնարավոր է նշանակեն Տավուշի մարզպետ։


Հարցին, թե «մարզպետ ե՞ք գնում», Գագիկ Մելիքյանը պատասխանեց.«Իա, առաջին անգամ ձեզնից եմ լսում: Գնում եմ Մոսկվա՝ «Եդինայա Ռոսիայի» համագումարին»: