Գերմանական դպրոցում կրակահերթ բացած դեռահասը ձերբակալվել է
Օրերս գերմանական Մեմմինգեն քաղաքի դպրոցներից մեկում կրակ բացած` 8-րդ դասարանի աշակերտը ձերբակալվել է, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հղում անելով գերմանական N-24 հեռուստաալիքին:
Բարեբախտաբար միջադեպից որևէ մեկը չէր տուժել: Իրավապահ մարմինների տեղեկացմամբ` ձերբակալման պահին դպրոցականի մոտ երկու ատրճանակ է եղել, նա սպառնացել է սպանել ոստիկաններին, իսկ ավելի ուշ` ինքնասպան լինել:
Նշվում է, որ զինամթերքը պատկանել է երեխայի հորը: Նրա երեք համադասարանցիները ոստիկաններին պատմել են, որ տեսել են, թե ինչպես է նա ատրճանակները ձեռքին դպրոց մտել: Անմիջապես դրանից հետո, դպրոցի բոլոր 280 աշակերտները փակվել են մի քանի դասասենյակներում:
Ոստիկանները դեռահասի հետ հոգեբանական զրույց են ունեցել, ինչի արդյունքում նա հանձնվել է: Հետաքննությունը շարունակվում է, ճշտվում են նրա դրդապատճառները:









