Ֆրանսիայի նախագահը գագաթաժողովի մեկնել է սովորական գնացքով

22:38 • 23.05.12

Ֆրանսիայի նոր նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով մինչ իր ընտրվելը խոստացել էր «սովորական նախագահ լինել», Բրյուսել է մեկնել սովորական արագընթաց գնացքով, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:


Բրյուսելում Ֆրանսիայի նախագահը պետք է մասնակցի ԵՄ-ի նախագահների և կառավարության ղեկավարների մակարդակով կայանալիք ոչ պաշտոնական գագաթաժողովին:


Փարիզի հյուսիսային կայարանում նախագահին տեսնելով՝ մարդիկ նետվել են նրա ուղղությամբ` ողջունելու և լուսանկարվելու ցանկությամբ:
 

Թիկնազորը փորձել է հեռացնել հատկապես ակտիվ քաղաքացիներին, սակայն դա այդքան էլ չի ստացվում: Ինքը՝ նախագահը, թիկնազորին խնդրել է շատ չմիջամտել:


Վագոնի մոտ կանգնած Օլանդը դեռ որոշ ժամանակ ստիպված էր լուսանկարվել հիմնականում այլ երկրների քաղաքացիների հետ, ովքեր, խցկվելով ամբոխի միջից, գրոհում էին նրան՝ լուսանկարվելու համար: Օլանդին մնում էր միայն ժպտալ:


Անհայտ է, թե Օլանդի և նրան ուղեկցողների համար ուղեվարձը վճարելու անհրաժեշտություն եղե՞լ է, թե՞ ոչ: Մեկ ուղղությամբ առաջին կարգով երթևեկելու տոմսի արժեքը սովորաբար 70-ից 140 եվրո է լինում: