ՀԱԿ-ում լուրջ բաներ չեն կատարվում, ասում է Ալեքսանդր Իսկանդարյանը
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը որևէ լուրջ բան չի տեսնում նրանում, որ տարբեր կուսակցություններ դուրս են գալիս «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) ընդդիմադիր դաշինքից։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ ՀԱԿ-ն էականորեն չի տարբերվում մյուս կուսակցություններից:
«Եկե՛ք տեսնենք, թե իրականում որքա՞ն ձայն կհավաքեր ՀԱԿ-ը, եթե չլիներ Լևոն Տեր-Պետրոսյանը: ՀԱԿ-ում նման գործընթաց ծավալվում էր վաղուց, այդ դաշինքը մոնոլիտ չէ»,– ասաց նա:
«Բնական է, որ դաշինքի ներսում մրցակցություն է ընթանում: Մինչ ընտրությունները բոլորն ունեին մի խնդիր՝ հավաքել ձայներ, իսկ ընտրություններից հետո առկա խնդիրները, որոնք կային նաև մինչև ընտրությունները, գլուխ բարձրացրին»,- նկատեց քաղաքագետը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ընտրություններից հետո ՀԱԿ–ից դուրս են եկել «Հանրապետություն» կուսակցությունը և Հայաստանի լիբերալ կուսակցությունը։
Ալեքսանդր Իսկանդարյանը, անդրադառնալով Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությանը, նշեց, որ այդ քաղաքական ուժը նախընտրական շրջանում լավ չաշխատեց և կորցրեց իր պոտենցիալ ձայների մի մասը:
«ՀՅԴ-ն ոչինչ չի փոխել իր քաղաքականության մեջ: Այն այսօր նույնն է, ինչ կար հարյուր տարի առաջ: Ամեն ինչ նույնն է այստեղ և դրա պատճառով էլ ընդդիմադիր մի շարք կուսակցություններ կարողացան տանել իր ձայները, որոնք կուսակցությունը կարողանում էր հավաքել նախկինում»,- եզրափակեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:









