«Միկա ցեմենտի» աշխատակիցները «պատանդի» կարգավիճակում են հայտնվել (լուսանկարներ)

15:36 • 23.05.12

Ինչպես Հրազդանից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Հրազդանում գործող «Միկա ցեմենտ» ՓԲԸ անվտանգության աշխատակիցները արգելում են, որպեսզի գործարանի աշխատակիցները դուրս գան գործարանից և իրենց բողոքը հայտնել։ Պատճառն այն է, որ գործարանի թվով 500-ից ավել աշխատակիցներ մի քանի ամիս է՝ չեն կարողանում կանոնավոր ստանալ իրենց աշխատավարձը։

 

Նրանց լիազոր ներկայացուցիչը ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմել է, որ տնօրինությունը պատճառաբանում է, որ աշխատավարձը չեն կարողանում կանոնավոր տալ, քանի որ իրենք վճարումներ են կատարում գազի, էլեկտրաէներգիայի և նույնիսկ «սամալյոտներ գնելու» դիմաց։

 


Նա նաև պատմել է, որ գործարանում օրական արտադրվում է 2000 տոննա ցեմենտ, որի կեսը «դուրս է բերվում»։ Մարդկանց մի մասին էլ տնօրինությունը ստիպել է, որպեսզի ինքնակամ դիմումներ գրեն՝ արձակուրդ մեկնելու համար։ «Իսկ եթե ինքնակամ ես մեկնում արձակուրդի, այսինքն՝ քո հաշվին, ապա գործարանը չի վճարում աշխատավարձ։ Սակայն արձակուրդ գնում ենք 1-2 ամսով, բայց հետո աշխատում ենք և աշխատավարձերը չենք ստանում։ Մի քանի անգամ դիմել ենք կառավարություն, սակայն կառավարությունից ոչ մի արձագանք»,– պատմել է «Միկա ցեմենտի» աշխատակիցների ներկայացուցիչը։ Աշխատակիցների հույսը հիմա միայն հանրապետության նախագահն է, և եթե մեկ շաբաթվա ընթացքում գործարանը չվճարի իրենց հասանելիք աշխատավարձը, ապա իրենք ի նշան բողոքի գալու են նախագահի նստավայր։

 

Գ. Շամշյանը հայտնում է, որ փաստի առթիվ փորձել է զրուցել նաև գործարանի տնօրինության հետ։ Մուտքի մոտ հավաքված մի քանի հոգի հայտնել են, որ տնօրինությունը տեղում չի։ «Բայց կարաս գրես, որ մեր գործարանը ամենասիրուն, ամենամաքուր և ամենաարդար գործարանն է»,– հավելել են նրանք։

 

Գ. Շամշյանին հայտնի է դարձել նաև, որ «Միկա ցեմենտի» աշխատակիցների հեռախոսները հավաքել են, որպեսզի նրանք կապից զրկված լինեն։

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի