«Արևմտյան Հայաստանի ձայնը» կհնչի Մոսկվայում

17:10 • 23.05.12

Առաջին անգամ Ռուսաստանի Դաշնությունում հատուկ ծրագրով հանդես կգան Արևմտյան Հայաստանի (ներկայիս Թուրքիայի) ու Ստամբուլի արտիստները: Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, «Արևմտյան Հայաստանի ձայնը. Համշենը` անցյալից դեպի ապագա» համերգը կանցկացվի հունիսի 10-ին Golden Palace ժամանցային համալիրում:

 

Թուրքիայում և հայկական սփյուռքին քաջածանոթ արտիստները երգերը կկատարեն համշենի բարբառով: Գրավիչ ազգային երաժշտությունը, հատուկ մուլտիմեդիա ծրագիրը, պարերը, համշենահայերի խոհանոցի ավանդական կերակուրները զգացնել կտան մոռացված քաղաքակրթության շունչը:

 

Համերգի գլխավոր գործող անձը կլինի VOVA խումբը (համշենյան բարբառից թարգմանաբար նշանակում է`«ո՞վ ենք մենք»): Այս խումբն առաջինն է ժամանակակից Թուրքիայում սկսել քարոզել ազգային մշակույթն ու երաժշտական ավանդույթները: Ծրագրին կմասնակցեն նաև Թուրքիայի ու Ռուսաստանի հայտնի հայ հասարակական գործիչներն ու վառ ներկայացուցիչները, նաև` Ռուսաստանի հարավի ու Աբխազիայի պրոֆեսիոնալ կատարողները:

 

Համերգը բարեգործական է: Տոմսերի վաճառքից ստացված միջոցները կուղղվեն Աբխազիայի հայկական դպրոցների վերականգնմանը, որոնք 1990-ականների պատերազմի հետևանքով ցայսօր գտնվում են անմխիթար վիճակում: