Փակ սահմանների ապաշրջափակմամբ է հնարավոր հասնել փոխվստահության. Սերժ Սարգսյան
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն այսօր Ազգային ժողովում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) խորհրդարանական վեհաժողովի 39-րդ նիստի տասից ավելի մասնակից երկրների պատվիրակներին ներկայացրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որում ասվում է, որ տարածաշրջանում միայն բաց սահմանների պարագայում հնարավոր կլինի հասնել փոխվստահության։
«Հայաստանը համոզված է, որ միայն տարածաշրջանային համագործակցության ընդլայնմամբ՝ փակ սահմանների ապաշրջափակմամբ է հնարավոր հասնել փոխվստահության, ինչն էլ հիմք կհանդիսանա խաղաղ երկխոսության ճանապարհով բոլոր վիճելի խնդիրների լուծման համար»,- ասված է նախագահի ուղերձում։
ՀՀ նախագահը, կարևորելով ՍԾՏՀԿ–ի դերը, նշում է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս միջազգային կառույցների և, հատկապես, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի և վերջինիս խորհրադարանական ձևաչափի հետագա զարգացմանը որպես տարածքային համագործակցության առանցքային մարմին:
«Այսօր խորհրդարանական դիվանագիտությունն իր ուրույն տեղն ունի միջպետական համագործակցության հարցում , հատկապես, մեծ է նրա դերը ժողովրդական սկզբունքների արմատավորման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ապահովման հարցերում:
Միջխորհրդարանական նման համագործակցությունն էական նշանակություն ունի, նման հարցերի, փոխվստահության մթնոլորտի ձևավորման համար, այդ ամենն իր հերթին օգնում է՝ լիարժեք տարածաշրջանային փոխհարաբերութունների հաստատման շնորհիվ, հասնել տարածաշրջանի տևական խաղաղության և արմատական կայունության արմատավորմանը»,– ասված է ուղերձում:









