«Փարավոնից» հետո. Եգիպտոսում նախագահական ընտրություններ են
Այսօր Եգիպտոսում մեկնարկել են նախագահական ընտրությունները, որը Al Arabiya-ն «պատմական աննախադեպ իրադարձություն» է անվանել: 51 մլն եգիպտոսցի պետք է ընտրի 2-րդ հանրապետության նախագահին` նախորդ ռեժիմի տապալմանը հաջորդած մոտ 15 ամիս տևած խառնաշփոթից հետո:
Ընտրությունները, լրատվամիջոցի գնահատմամբ, արմատապես այլ ապագա են խոստանում այդ երկրին:
Ընտրությունը՝ որպես այդպիսին, նորություն է մի երկրում, որտեղ 30 տարի իշխել է Հոսնի Մուբարաքը` «փարավոնը». Այդ բռնակալի օրոք, ընտրությունների արդյունքները կանխավ հայտնի էին:
Իսկ այսօր երկրի կառավարությունը ստանձնած գեներալներին փոխարինելու հնարավորության համար պայքարում են Արաբական երկրների լիգայի նախկին նախագահ և երկրի նախկին արտգործնախարար Ամր Մուսան, որը փորձառու քաղաքական գործիչ և դիվանագետ է, բայց մեկ այլ թեկնածուի՝ Մուբարաքի ռեժիմի վերջին վարչապետ Ահմեդ Շաֆիկի պես համարվում է նաև հին ռեժիմի ներկայացուցիչ:
Առաջատարների թվում են «Մուսուլման եղբայրներ» շարժման թեկնածու Մոհամեդ Մուրսին, իսլամիստական շարժման նախկին անդամ Աբդուլ Մոնեիմ Աբուլ Ֆոթուհը, ինչպես նաև ձախակողմյան ընդդիմադիր շարժման առաջնորդ Համդին Սաբբահին:
Ընդհանուր առմամբ Եգիպտոսի նախագահի պաշտոնի համար պայքարում է 13 թեկնածու: Ընտրություններ կանցկացվեն 13 000 ընտրատեղամասերում:
Եգիպտական Al-Ahram-ի անցկացրած հարցման համաձայն հաղթելու ամենամեծ հավանականություն կա ամր Մուսայի դեպքում: Այլ հարցումներով առաջատարներ են ճանաչվել Աբուլ Ֆոթուհը և Շաֆիկը:









