Սիրիայում ապստամբները լիբանանցի ուխտավորների են պատանդ վերցրել
Հալեպ քաղաքի մոտ Սիրիայի ապստամբ «Ազատ բանակի» գրոհայինները 13 լիբանանցի ուխտավորների են առևանգել: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը` հղում կատարելով լիբանանյան իշխանությունների հայտարարությանը:
Առևանգվածներից մեկի ազգականը գործակալությանը պատմել է, որ ապստամբները առևանգել են շիա ուխտավորների ավտոբուսն այն ժամանակ, երբ այն Իրանից Սիրիայի տարածքով Թուրքիա էր ուղևորվում:
Գրոհայինները ազատ են արձակել ավտոբուսում գտնվող կանանց և հայտարարել են, որ տղամարդ պատանդներին կփոխանակեն սիրիական բանտերում գտնվող իրենց մարտական ընկերների հետ:
Լիբանանցի ուխտավորների պատանդ վերցնելու մասին լուրը փոթորկել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի բնակչությանը, հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել: Բողոքելով կատարվածի դեմ՝ մի քանի ճանապարհ են փակել, այրել են անվադողեր և աղբամաններ:
«Հիզբոլլա» շիա իսլամական շարժման առաջնորդ Հասան Նասրալան բնակչությանը հանդարտության կոչ է արել և հայտարարել, որ «Հիզբալլան» Լիբանանի կառավարության հետ համատեղ կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման համար:









