Ռոմնին շարունակում է հաղթարշավը. նա հաղթել է նաև Կենտուկիում ու Արքանզասում

10:31 • 23.05.12

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածության հավակնոր Միթ Ռոմնին հաղթել է Կենտուկի ու Արքանզաս նահանգներում երեքշաբթի անցկացված հանրապետականի փրայմերիզում, հայտնում է Associated Press-ը: Այս նահանգներում նա պայքարել է կուսակցության 75 պատվիրակների ձայների համար. Կենտուկիում նա ստացել է բոլոր` 42 պատվիրակների աջակցությունը, իսկ Արքանզասում` 33-ից 21-ինը:

 

Ռոմնիի մրցակիցն է կոնգրեսական Ռոն Փոլը, ով թեև նախորդ շաբաթ ավարտել է իր ընտրարշավը, սական պաշտոնապես չի դադարեցրել մրցապայքարը:


Նշենք, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում դեմոկրատ Բարաք Օբամայի հանրապետական մրցակիցը պաշտոնապես հայտնի կդառնա օգոստոսի վերջին կայանալիք Հանրապետական կուսակցության համագումարում: Հանրապետականի պաշտոնական թեկնածուն դառնալու համար Ռոմնին պետք է ունենա 1.144 պատվիրակի աջակցությունը: Մինչ Կենտուկիում ու Արքանզասում փրայմերիզը, նա ուներ 992 պատվիրակի քվե: Մասաչուսեթսի նախկին նահանգապետի համար որոշիչ կլինի մայիսի 29-ին Տեխասում կայանալիք փրայմերիզը, որտեղ նա կպայքարի 152 պատվիրակի ձայնի համար, իսկ 6 նահանգներում էլ փրայմերիզ կանցկացվի աշնանը:


NBC News-ի և Wall Street Journal –ի անցկացրած հարցումների համաձայն, եթե նախագահական ընտրություններն անցկացվեին մոտակա օրերին, ապա Օբաման կստանար ընտրողների 47, իսկ Ռոմնին` 43% ձայները: