Ամերիկացի հոգևորականն առաջարկել է էլեկտրական պարսպով պատել բոլոր միասեռականներին, մինչև վերանան (տեսանյութ)

11:07 • 23.05.12

Միացյալ Նահանգների Հյուսիսային Կարոլինա նահանգի բապտիստական եկեղեցու հոգևորական Չարլզ Ուորլիի միասեռականների մասին հայտարարությունը դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել երկրում, հայտնում է CBS-ը:


Մեյդենի բապտիստական եկեղեցում քարոզի ժամանակ նա հայտարարել է, որ գտել է միասեռականներից ազատվելու հիանալի միջոց:

 

«Պետք է կառուցել մեծ պարիսպ` 160 կմ երկարությամբ, այնտեղ ուղարկել բոլոր գեյերին ու լեսբուհիներին: Իսկ պարսպի միջով էլեկտրականություն անցկացնել, որ նրանք չկարողանան այն անցնել: Այդպիսով, նրանք մի քանի տարի անց կմահանան»,- առաջարկել է հոգևորականը: 

 

Իսկ կմեռնեն, քանի որ «չեն կարող բազմանալ»:

 

Ուորլին քարոզի ժամանակ կիսվել է նաև առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ իր պատկերացումներով: Նա ասել է, որ իր ձայնը չի տա Բարաք Օբամայի օգտին, որովհետև նա «միասեռականների կողմնակիցն է և մանկասպան»:


«Աստվա՛ծ, խղճա՛ ինձ: Ինձ մոտ սրտխառնոց է սկսվում այս ամենից: Միայն պատկերացրե՛ք, որ դուք համբուրում եք այլ տղամարդու»,- իր ելույթի վերջում ասել է Ուորլին:


Սկանդալային ելույթի այդ հատվածը տեսագրվել է «Քեթոբա Վելին ատելության դեմ» խմբի անդամների կողմից և տեղադրվել ինտերնետում: «Ես ուղղակի ցնցված եմ»,- ասել է խմբի անդամ Լոռա Թիփթոնը: Խումբը մտադիր է բողոքի ակցիա անցկացնել եկեղեցու մոտ, որին կմասնակցի մոտ 250 մարդ: