ՀՀԿ ԳՄ վաղվա նիստին հնարավոր է տրվեն շատ հարցերի պատասխաններ. իշխող կուսակցության խոսնակ
«Վաղը երեկոյան կկայանա ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ կքննարկվեն պատգամավորական մանդատների հարցը, հետընտրական զարգացումների հետ կապված խնդիրները։ Հնարավոր է՝ տրվեն շատ հարցերի պատասխաններ»,– Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեր խնդրանքով անդրադառնալով ՀՀԿ ԳՄ վաղվա նիստի օրակարգին։ Մեր հարցին, թե հնարավո՞ր է վաղվա նիստի ժամանակ էլ ներքաղաքական կյանքում որոշակիություն չմտնի, Շարմազանովը պատասխանեց, թե ամեն ինչ հնարավոր է, սակայն նաև հիշեցրեց, որ մայիսի 29–ը մանդատները ստանալու, իսկ մայիսի 31–ը նորընտիր ԱԺ–ի առաջին նիստն է՝ ակնարկելով, որ որոշակի հարցերի շուրջ, այդուհանդերձ, որոշակիություն կմտցվի։
Շարունակելով՝ ՀՀԿ մամուլի խոսնակը նշեց, որ կոալիցիայի կազմման և ներքաղաքական այլ հարցերի վերաբերյալ չի կարող ասել, թե կուսակցությունում ինչ է քննարկվել, քանի որ այս ընթացքում որևէ հարցի քննարկման համար նիստ չի հրավիրվել։ «Վերջին նիստը եղել է ՀՀԿ ԳՄ անցած շաբաթվա նիստը»,– նշեց նա։
Մեր հարցին, թե արդյո՞ք ինքը տեղյակ է, որ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանն այսօր՝ ՀՀԿ ԳՄ նիստից մեկ օր առաջ, հանդիպում ունեցել են, թե ոչ, Շարմազանովն արձագանքեց. «Ոչ, կոնկրետ, որ այսօր նման հանդիպում եղել է, թե ոչ, տեղյակ չեմ, բայց ես միշտ էլ ասել եմ, որ այդ հանդիպումներից պետք է չէ զարմանալ, քանի որ կոալիցիոն կուսակցությունների առաջնորդները հաճախ են հանդիպում»։
Հիշեցնենք, որ մայիսի 6–ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ–ն Ազգային ժողովում վերցրել է բացարձակ մեծամասնությունը։ Հետընտրական ներքաղաքական կյանքի հիմնական հարցերն առնչվում են հնարավոր կոալիցիայի կազմմանը, կառավարության ձևավորմանը։ Ընտրություններից հետո՝ անցած հինգշաբթի կայացած ՀՀԿ ԳՄ նիստը որևէ հարցի պատասխան չտվեց։ Ենթադրվում է, որ գոնե վաղվա նիստին որոշակի հարցերի, այդուհանդերձ, պատասխան կտրվի, քանի որ ժամանակն էլ սեղմ է, և մայիսի 31–ին նորընտիր Ազգային ժողովը կհրավիրի իր առաջին նիստը։









