Սիլվա Համբարձումյանն ընդդեմ ՀՀ–ի հայց կներկայացնի եվրոպական դատարան
Հանքարդյունաբերող, հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանն այսօր կամ վաղը հայցադիմում կներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի:
Սիլվա Համբարձումյանն այս մասին ասաց Tert.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է վերջինս շարունակում լռել՝ չնայած խոստացել էր և մի քանի անգամ հետաձգել՝ արդեն նախօրոք նշանակված իր ասուլիսները:
«Գիտեք, հիմա այնքան խառն ենք, ամբողջ օրը Եվրադատարան դիմելու գործընթացի մեջ ենք: Պետք է այսօր, կամ վաղը ավարտենք հայցադիմումի փաթեթը: Այս դատը Սուրեն Խաչատրյանին չի վերաբերում: Այս դատական գործն ուղղված է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը»,- տեղեկացրեց Սիլվա Համբարձումյանը:
Հիշեցնենք, որ Սիլվա Համբարձումյանը 2009թ. գնել է «Սիփան-1» ընկերությունը, և այդպիսով նրան է պատկանում Լիճքվազ-թեյի և Տերտերասարի ոսկու հանքավայրերը շահագործելու արտոնագիրը: Սակայն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը որոշ ժամանակ անց հրահանգում է՝ «Սիփան-1» ընկերությանը զրկել Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի արդյունահանման իրավունքից:
Սիլվա Համբարձումյանի տեղեկացմամբ, սկզբում ինքը որոշումը վիճարկել է ՀՀ վարչական դատարանում, վերջինս նախարարի որոշումը անվավեր է ճանաչել, սակայն ավելի ուշ նախարար Մովսիսյանը կրկին հանդես է եկել նույն հրամանով:
Սիլվա Համբարձումյանը երկրորդ անգամ է դիմել Վարչական դատարան, սակայն այս անգամ արդեն դատարանը օրինական է համարել նախարարի հրամանը: Սրանից հետո միայն գործարար կինը որոշել է դիմել Եվրոպական դատարան:
Tert.am-ի հետ զրույցի ժամանակ Սիլվա Համբարձումյանը նշեց նաև, որ ինքն առաջիկայում էլ ավելի է աշխուժանալու և հանդես է գալու թե՛ քաղաքական, թե՛ այլ ոլորտներին վերաբերվող հայտարարություններով:









