Երևանի քաղաքապետը ներկայացրել է Դավթաշեն համայնքի նոր ղեկավարին

18:18 • 23.05.12

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին, քանի որ Արթուր Գևորգյանը, մեծամասնական ընտրակարգով ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրվելով, դադարեցրել է վարչական շրջանի ղեկավարի իր լիազորությունները:


Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի նախկին ղեկավար Արթուր Գևորգյանին համատեղ և արդյունավետ աշխատանքի համար, Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ Արթուր Գևորգյանն իր հետագա գործունեությամբ ևս կշարունակելի ակտիվորեն աջակցել բնակչության ու վարչական շրջանի խնդիրների լուծմանը:


Քաղաքապետը նաև ընդգծել է, որ վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, որպես Երևանի ավագանու անդամ ակտիվ գործունեություն է ծավալել տեղական ինքնակառավարման համակարգում և իր նպաստն է ունեցել համայնքային ծրագրերի մշակման աշխատանքներում:


Տարոն Մարգարյանը վստահություն է հայտնել, որ, ձևավորված թիմային աշխատանքի ավանդույթները շարունակելով, Դավթաշեն վարչական շրջանը կարող է դառնալ լավագույն և օրինակելի վարչական շրջաններից մեկը:
«Վերջին տարիներին դրական տեղաշարժերը Դավթաշեն վարչական շրջանում ակնհայտ են և այդ գործում իր լուման ունի աշխատակազմի անդամներից յուրաքանչյուրը»,– ասել է նա:


«Արձանագրված հաջողություններն առաջին հերթին գնահատվում են բնակչության կողմից, բայց դրանով պետք չէ բավարարվել: Հետևողական ու սրտացավ աշխատանքի շնորհիվ պետք է հետամուտ լինել ոչ միայն վարչական շրջանի ամենօրյա խնդիրների լուծմանը, այլև զարգացման կոնկրետ ծրագրերի իրականացմանը»,- բարի երթ մաղթելով պաշտոնը ստանձնած նոր ղեկավարին` նշել է Տարոն Մարգարյանը:


Քաղաքապետը նաև շեշտել է, որ քաղաքային տնտեսության զարգացման և համայնքային նշանակության մի շարք ծրագրերի իրականացման ուղղությամբ անելիքներ դեռ շատ կան և վարչական շրջանի աշխատակազմը պետք է կրկնապատկի ջանասիրությունն ու ներդրումն աշխատանքում, որպեսզի բնակչության համար ապահովվի հարմարավետ միջավայր`բարեկարգ բակից մինչև փողոց ու հրապարակ: