Քարոզարշավի ընթացքում Tert.am-ն ամենից շատն է անդրադարձել կուսակցություններին

15:04 • 23.05.12

«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության կողմից իրականացված առցանց լրատվամիջոցների մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ  ընտրված 10 էլեկտրոնային կայքերից ամենից շատ քարոզարշավի ընթացքում կուսակցություններին անդրադարձել է Tert. am-ը:

 

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը կազմակերպության նախագահ Սուրեն Դեհերյանը նշեց, որ «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության աջակցությամբ իրականացված մոնիտորինգի ընթացքում ուսումնասիրվել է 10 կայք` 1in.am, Lragir.am, News.am, Tert,am, Panorama.am, 7or.am, A1plus.am, Azatutyun.am, Civilnet.am, Panarmenian.net: Թվարկված կայքերի ընտրությունը կապված էր եղել դրանց բարձր վարկանիշով:


«Մոնիտորինգի նպատակը քանակական և որակական ուսումնասիրությունն էր՝ պարզելու համար, թե ինչպես են անդրադառնում այս կամ այն կայքերն ընտրություններում ներգրավված 9 կուսակցությունների գործունեությանը և կուսակցության համամասնական ցուցակով առաջին երեք անձանց»,-ասաց Դեհերյանը:


Կայքերից Tert.am-ը 1749 անդրադարձել է կուսակցությունների գործունեությանը: Դեհերյանը պարզաբանեց, որ թվային տվյալը ոչ թե նյութերին է վերաբերում, այլ անդրադարձներին, քանի որ մեկ նյութի մեջ հնարավոր է անդրադառնալ մի քանի կուսակցությունների:

 

Հաջորդիվ հերթականությունն այսպիսի տեսք ունի. 1in.am՝ 1479, Panarmenian.net `1478, Panorama.am` 1475, News.am՝ 1253 , 7or.am՝ 1039, A1plus.am` 1024, Lragir.am`798, Civilnet.am` 573 և Azatutyun.am`476 անգամ:


«Առաջին հնգյակում այն կայքերն են, որոնք ավելի շատ գործակալության բնույթի են, հրատապ տեղեկատվությունը տարածող կայքերն են, որտեղ ավելի շատ շեշտը դրվում է մեկ աղբյուրով ստացած տեղեկատվության վրա:
Իսկ վերջին տեղում հայտնված կայքերն իրենց լուսաբանումներով շատ ավելի երկար ժամանակ են տրամադրում մեկ թեմային անդրադառնալուն, այնտեղ ավելի շատ վերլուծական նյութեր են»:


Նա նշեց, որ այդ ընթացքում ուսումնասիրվել է 5. 374 նյութ, որտեղ 11. 344 անգամ անդրադարձ է եղել 9 կուսակցություններին: Առաջին տեղում անդրադարձների քանակով Հայաստանի հանրապետական կուսակցությունն է՝ 3580, ապա՝ Հայ ազգային կոնգրեսը` 2000, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 1740, «Ժառանգությունը»՝ 1176, Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ 1154, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 838
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը՝ 313, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 304, «Միավորված հայեր» կուսակցությունը` 239:


Ուսումնասիրության ժամանակ կայքերում տեղ գտած հրապարակումները տեսակավորվել են նաև ըստ բնույթի` բացասական, դրական և չեզոք:


10 կայքերում ՀՀԿ-ի վերաբերյալ 1589 բացասական, 1648՝ չեզոք և 343՝ դրական երանգավորմամբ նյութեր են եղել: ՀԱԿ-ի դեպքում բացասական, չեզոք և դրական հրապարակումների բաշխվածությունն այսպիսին է՝ 271, 1540 և 189 ԲՀԿ-ի դեպքում՝ 427, 1098 և 215, ՕԵԿ-ի դեպքում՝ 327, 481 և 30, «Ժառանգության» դեպքում՝ 176, 846 և 154, ՀՅԴ-ի դեպքում՝ 98, 906 և 150:


«Չեզոք նյութերի քանակը շատ է, բայց դա օպերատիվ աշխատանքի արդյունք է: Տվյալ պարագայում լրատվամիջոցը միայն ինֆորմացիան է տեղադրում և տարածում»,- նկատեց Դեհերյանը: