Կապամոնտաժենք ոստիկանական մանրապետությունը. Տիգրան Խզմալյան
«Սարդարապատ» շարժման անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն այսօր Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է.«Արցախյան շարժման հիմնադիր ու առաջնորդ Իգոր Մուրադյանը մի անգամ ասել էր, որ Խորհրդային Հայաստանն իրենից ներկայացնում էր ԿԳԲ-ական մի երկիր, մինչդեռ այսօրվա Հայաստանը իջել է ընդամենը մի ոստիկանական քաղմասի մակարդակի»:
Տիգրան Խզմալյանը պատմում է, որ մեկ անգամ «ԿԳԲ է ընկել» 1983 թվականին՝ Բրեժնևի մահից հետո, երբ համալսարանի (ԵՊՀ- Tert.am) լավագույն դասախոսներից երկուսի` Էդմոն Ավետյանի ու Ռաֆայել Պապայանի ձերբակալությունից հետո, 3-րդ կուրսի ուսանողներով որոշել են իրենց կենսաթոշակներից հանգանակություն կազմակերպել՝ իրենց դասախոսների ընտանիքներին ու անչափահաս երեխաներին օգնելու համար:
Արդյունքում՝ «շուտով մեզանից մի քանիսին, այդ թվում ինձ, փոստային բացիկով հրավիրեցին Նալբանդյան փողոցում առ այսօր խոյացող ու դասական կոնստրուկտիվիզմի ոճով կառուցված հայտնի շենք»:
Facebook-ի իր էջում տեղ, նաև ժամանակ խնայելու նպատակով Տիգրան Խզմալյանը չի նկարագրում 30-ականների սերունդ համարվող իր ծնողների ապրած ահն ու սարսափը, այլ միայն նշում է, որ իրենց դեմ, իբրև՝ «արտասահմանից ֆինանսավորվող հակասովետական երիտասարդական խմբի» սարքվող գործը՝ կարճվում է:
Մեկ քառորդ դար առաջ ստացված այս նամակի հիշատակումը պատահական չէ, քանի որ օրեր առաջ Տիգրան Խզմալյանը կրկին փոստային ծրարով նամակ է ստացել, որում տեղեկացվել է, որ ՀՀ ոստիկանությունը՝ իր և իր մի քանի ընկերների դեմ հանդես է եկել վարչական պատասխանատվության ենթարկելու հայցով՝ հիմք ընդունելով ոստիկանության կրտսեր սերժանտ Կ.Թայիրյանի հետևյալ ցուցմունքը. «…բանվորական սաղավարտներով մի խումբ քաղաքացիներ, չարամտորեն չկատարելով իմ ու մյուս ոստիկանների օրինական պահանջը, ֆիզիկական ուժի գործադրմամբ, հանեցին երկաթյա արգելապատնեշները և ներխուժեցին կիսակառույց կրպակների տարածք, իսկ նրանցից մեկը, ում անունը Տիգրան էր, որքան գիտեմ՝ ռեժիսոր է, հրեց ինձ և բարձրացավ կրպակի տանիքի վրա»:
Տիգրան Խզմալյանը նկատում է.«Երկու դարաշրջան, երկու պետություն, երկու նամակ, երկու անհեթեթություն: Բայց ճիշտ է ասում Իգոր Մուրադյանը` մակարդակի ինչպիսի անկում…Ես փորձում էի ինչ-որ բանաձև գտնել այս հետնահանջը նկարագրելու համար, երբ «Ազատություն» ռադիոկայանով լսեցի , թե ինչպես Մանրիկյան ազգանունով մի դատախազ, իր երեք ազգականներով, դաժան ծեծի էր ենթարկել լրագրող Ռուբեն Գրդզելյանին՝ հղի կնոջ ու երկու փոքրահասակ երեխաների ներկայությամբ… Ակամա հիշեցի երջանկահիշատակ ընկերոջս` Գենա Մելքոնյանի «Թթենի» կարճամետրաժ գլուխգործոցը, որտեղ վիճաբանող հարևաններից մեկը, երկու փոքրիկ որդիների փոքրակազմ հայրը, շշուկով խնդրում է երկու դստրերի հորը՝ իր հզոր հակառակորդին, զիջել, քանի որ նա տղամարդկանց է մեծացնում և արիության օրինակ պետք է ծառայի նրանց համար… Եվ ուժեղը ենթարկվում է թույլին, քանի որ նույն արժեքների կրողն էր, քանի որ հայր էր, քանի որ հայ էր, քանի որ դա մեր Երևանն էր… Գենան ապրում էր Մաշտոցի պուրակից հիսուն քայլ հեռու, պողոտայի այն կողմի երկհարկանի տանը, որի տեղն այսօր դատարկ նորակառույց շենքեր են»:
Այսպիսով, կինոռեժիսորն արձանագրում է՝« Մենք քանդեցինք ԿԳԲ-ական պետությունը, բայց դաժան պատերազմով ու ոչ պակաս դաժան խաղաղությամբ տարված ու զբաղված` չնկատեցինք, ինչպես Դուք, պարոնայք, «մանրից» վերակառուցում էիք այն` Ձեր ոճով ու ճաշակով, Ձեր գեղագիտական ու բարոյական պատկերացումներով»:
Արդյունքում ստացվեց «կրպակների ու շուկաների, հսկիչների ու տեսուչների ոստիկանական ոչ պետություն, ոչ էլ հանրապետություն, այլ, ինչպես հուշեց «Թթենի» ֆիլմը չտեսած դատախազի ազգանունը` մանրապետություն»:
Բայց ոչինչ, Տիգրան Խզմալյանն իր ու իր ընկերների անունից խոստանում է՝«Ոստիկանական մանրապետություն՝ ոչինչ, կապամոնտաժենք: ԿԳԲ-ից չվախեցանք` մի՞թե Ձեզնից ենք վախենալու … Մանր եք Դուք, շատ մանր»:









