Վարդենիսում վիճաբանության ժամանակ ինքնաձիգից 30 գնդակ արձակած երիտասարդը բերման է ենթարկվել ՔՀԳՎ (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր՝ մայիսի 23-ին, Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության (ՔՀԳՎ) աշխատակիցները՝ նույն վարչության 2-րդ վարչության ստացած օպերատիվ տվյալներով քիչ առաջ ՔՀԳՎ բերման ենթարկեցին մի երիտասարդի։ Ինչպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված երիտասարդը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ Ռաֆայել Թադևոսյանն է։
Գ. Շամշյանը հայտնում է, որ այս տարվա մայիսի 14-ին ՔՀԳՎ–ում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վարդենիս քաղաքում մի խումբ անձիք, հիմնականում երիտասարդներ, խուլիգանական արարք են կատարել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել ժ. 15.40-ի սահմաններում, որին մասնակցել են Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ 25-ամյա Վահե Ավետիսյանը, Վարդենիս քաղաքի Սայաթ Նովա փողոցի բնակիչ 26-ամյա Արկադի Գրիգորյանը, Վիկտոր Համբարձումյան փողոցի բնակիչ 28-ամյա Կարեն Սահակյանը, Սպանդարյան փողոցի բնակիչ 35-ամյա Կարեն Գրիգորյանը, Երևանյան փողոցի բնակիչ 33-ամյա Մինաս Մինասյանը, Չարենց փողոցի բնակիչ 32-ամյա Վարդան Դավթյանը, Լեռնագործների փողոցի բնակիչներ 28–ամյա Արսեն Հովհաննիսյանը, 31-ամյա Արման Բավեյանը և 24-ամյա Ռաֆայել Թադևոսյանը։ Վերջինիս մոտ հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու անձնագիր։
Նշված երիտասարդները Վարդենիս քաղաքի նախկին անասնապահական համալիրի հարևանությամբ գտնվող ճանապարհին վիճաբանել են կենցաղային հարցերի շուրջ, որի ընթացքում Ռաֆայել Թադևոսյանը իր մոտ եղած ԱԿ–74 տիպի ինքնաձիգից կրակոցներ է արձակել։ Ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ քննչական խումբը դեպքի վայրում զննություն կատարելով՝ հայտնաբերել և առգրավվել էր 5.45 մմ տրամաչափի կրակված 30 պարկուճ։
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Ռաֆայել Թադևոսյանը Վարդենիս քաղաքում հայտնի է որպես միջին կարգի քրեական հեղինակությունը և աչքի է ընկնում աղմկահարույց վեճերում մասնակցությամբ։
Ռաֆայել Թադևոսյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Նախաքննության շահերից ելնելով, որոշ մանրամասներ ֆոտոլրագրողը չի հայտնում։
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի









