Արամ Խաչատրյանի անվան եռյակը համերգներով հանդես կգա մարզերում

14:02 • 24.05.12

Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան հոբելյանական տարում Արամ Խաչատրյանի անվան եռյակի անդամները` Կարեն Շահգալդյանը, Արմինե Գրիգորյանը, Կարեն Քոչարյանը, հունիսի 6-ից հանրապետությունում հանդես են գալու համերգային ծրագրերով և վարպետության դասերով, այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին եռյակի մասնակիցներ՝ Կարեն Շահգալդյանն ու Արմինե Գրիգորյանը:

 

Հարցին` արդյո՞ք, իրականությանը համապատասխանում է այն տեսակետը, թե մարզերում դասական երաժշտությունն ընդունելի չէ, Արմինե Գրիգորյանը ժխտեց` նշելով, որ մշտապես մարզերում հանդիսատեսը մեծ հաճույքով է գալիս համերգներին։

 

«Մի քանի տարի շարունակ գնում ենք մարզեր, մեր ելույթներն անցնում են լեփ-լեցուն դահլիճներում»,– ասաց նա:

Կարեն Շահգալդյանն իր հերթին նշեց, որ մարզերում դասական երաժշտության պակասը մշտապես զգացվում է և այն նման է անհասանելի երազանքի:

 

«Դասական երաժշտության նկատմամբ սերը մարզերի բնակիչների համար նման է տիեզերական նավի` սիրում են, բայց չեն տեսնում: Ցանկություն կա մարզեր մեկնել համերգների, բայց եթե բիզնեսի լեզվով խոսենք՝ չկա այդ ապրանքը: Մարդիկ շատ են գալիս, «մաստեր կլասներին» գալիս են շատ երեխաներ»,- նշեց Շահգալդյանը:


Բանախոսները տեղեկացրեցին, որ մարզերում դասական երաժշտության զարգացման նպատակով, դեռ մեկ տարի առաջ թավջութակի դասարան են բացել Վանաձորում, ինչին աջակցել է «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը: Բացի այդ, սերտ կապեր են հաստատել մարզային երաժշտական դպրոցների հետ:

 

Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա կպակցությամբ, Շահգալդյանի խոսքով, նախատեսվում է ձայնագրել կոմպոզիտորի կամերային ստեղծագործությունները, որոնք, վերջինիս փոխանցմամբ, գրեթե անհայտ են հանդիսատեսին:


Բացի այդ, այս տարի լրանում է նաև Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի 70-ամյակը, ինչի կապակցությամբ ևս Արամ Խաչատրյանի անվան եռյակը նախատեսել է միջոցառումներ կազմակերպել:

«Աշնանը նախատեսում ենք հետաքրքիր հանդիպումներ կազմակերպել այն մարդկանց հետ, ովքեր կապ են ունեցել բալետի պատմության հետ»,-տեղեկացրեց Շահգալդյանը:



Երևանում տեղի կունենա «Երաժշտական ճամփորդություն» համերգը, ինչը՝ չնայած դուրս է կոմպոզիտորի ծննդյան օրվա կապակցությամբ նախատեսված ծրագրերի շարքից, սակայն, Արմինե Գրիգորյանի տեղեկացմամբ, համերգի ընթացքում կհնչի նաև խաչատրյանական երաժշտություն:

 

«Սա սովորական համերգ չէ, ավելի շատ փորձարարական բնույթ է կրում: Էկրանի վրա կցուցադրվեն տարբեր երկրների տեսարժան վայրերը ներկայացնող պատկերներ, ինչը կուղեկցվի տվյալ երկրի հայտնի երաժշտական կատարումներով»,- նշեց Գրիգորյանը:


Համերգի մտահաղացումը, նրա խոսքով, Արամ Խաչատրյանի անվան եռյակինն է և այն որևէ երկրի կողմից չի հովանավորվում:

 

Համերգի ընթացքում կցուցադրվեն Հունգարիայի, Ռումինիայի, ֆրանսիայի, Իտալիայի, Արգենտինայի, Հայաստանի տեսարժան վայրերը:

Համերգը տեղի կունենա մայիսի 30-ին՝ Գաֆեսճէան մշակույթի կենտրոնում: