Փոփոխությունները բխում են նպատակներից. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

13:26 • 24.05.12

Փոփոխություններ միշտ են հարկավոր, և փոփոխությունները միշտ բխում են նպատակներից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` պատասխանելով հարցին, թե կցանկանա՞ր վերջինս կառավարությունում տեսնել փոփոխություններ:

 

«Փոփոխությունները ինքնանպատակ չեն լինում, փոփոխությունները միշտ հարկավոր են, և փոփոխությունները բխում են նպատակներից: Փոփոխությունները բխում են այն տեսլականից, որ երկիրը պետք է գնա դեպի զարգացում»,- ասաց Արմեն Աշոտյանը, սակայն չհստակեցրեց, թե ինչ կարգի փոփոխություններ են հարկավոր կատարել՝ նշելով, որ ճիշտ չի համարում իրեն նման հարց տալը:

 

Հարցին, թե այս կառավարության «դե յուրե» վերջին նիստն էր, և ինչպես կգնահատի վերջինս ՀՀ կառավարության գործունեությունը, Ա. Աշոտյանն ասաց. «Ես չեմ կարծում, թե վերջին նիստից հետո պետք է գնահատական տալ կառավարության գործունեությանը: Հատկապես իմ դեպքում՝ այս շաբաթ վերջինների շաբաթ է, այսօր վերջին նիստ, վաղը վերջին դաս»:

 

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից հետո, ընտրությունների արդյունքում մեծամասնություն կազմած քաղաքական ուժը կամ ուժերը, մինչ սույն թվականի հունիսը 10-ը պետք է ձևավորեն ՀՀ նոր կառավարությունը:

 

Այդ քաղաքական ուժերից մեկը՝ ԲՀԿ–ն այսօր արդեն հայտարարեց կոալիցիա կազմելուց հրաժարվելու մասին։ Իշխող ՀՀԿ–ի հետ համագործակցության շարունակության պատրաստակամության մասին էլ արդեն իսկ հայտնել է ՕԵԿ–ը։