Թունիսի նախկին նախագահին մահապատիժ է սպառնում

13:06 • 24.05.12

Թունիսի հյուսիս-արևելյան Կեֆ քաղաքի ռազմական տրիբունալի դատախազը նախորդ տարի տապալված նախագահ Զին ալ Աբդին բեն Ալիի համար մահապատիժ է պահանջել, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

 

Նախկին նախագահը մեղադրվում է 2011թ.-ի հունվարին երկրում բողոքի ցույցերը ճնշման ժամանակ «կանխամտածված սպանությունների աջակցության» մեջ: Ավելի վաղ նա դատապարտվել էր 66 տարվա ազատազրկման` պետական միջոցների յուրացման, զենք ու թմրանյութեր պահելու համար:

 

Նախորդ տարեսկզբին Թունիսում «Հասմիկների հեղափոխություն» իրականացվեց: Փողոց դուրս եկած բնակիչներն իրենց դժգոհությունն էին հայտնում քաղաքական ազատությունների բացակայության, սոցիալական անհավասարության, կոռուպցիայի ու գործազրկության դեմ: Նախկին նախագահը, ով հունվարի 14-ին փախավ Սաուդյան Արաբիա, ինչպես նաև նրա 22 ենթակաները մեղադրվում են նվազագույնը 22 ցուցարարի սպանության մեջ: 


Ի դեպ, Թունիսում նշում են բեն Ալիի ռեժիմի տապալման առաջին տարեդարձը, ինչի առթիվ երկիր են ժամանել Կատարի էմիր Համադ ալ Թանին, Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան, ինչպես նաև Լիբիայի ազգային անցումային խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլը:

 

Թունիսի նոր իշխանությունները Սաուդյան Արաբիայից պահանջում են արտահանձնել բեն Ալիին, սակայն սաուդյան իշխանություններից պատասխան այս առումով դեռ չի ստացվել: